Լրահոս

09.07.2009 17:56


Ստեփանակերտում կայացել է «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» համաժողովը

Ստեփանակերտում կայացել է Կովկասի ինստիտուտի կողմից և Հենրիխ Բելլ գերմանական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. նոր իրողություններ» համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել են քաղաքագետներ Հայաստանից, Վրաստանից և Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ:

Բացելով համաժողովը' Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է հենց ղարաբաղյան հողի վրա նման միջոցառումների անցկացման կարևորությունը:

Հարավային Կովկասում Հ.Բելլի հիմնադրամի բյուրոյի ղեկավար Իրիս Քեմպեն հանդես է եկել «Հարավային Կովկասի եվրաինտեգրման նոր հեռանկարները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վրա» թեմայով ելույթով: Խոսելով Եվրամիության կողմից իրականացվող «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասին' նա նշել է, որ վերջնական հաջողությունը կախված կլինի ծրագրի մեջ ներգրավված պետությունների դիրքորոշումերից: Այս կապակցությամբ համաժողովի ղարաբաղյան մասնակիցները նշել են կոնկրետ դիրքորոշում ձևավորելու նպատակով տվյալ նախագծին ղարաբաղյան հասարակության անմիջական ծանոթացման անհրաժեշտությունը, ինչն Իրիս Քեմպեն ըմբռնումով է ընդունել:

Հնչել են նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրագոսյանի'«Փոփոխվող իրողությունները և արտաքին դերակատարների ներգրավվածությունը ղարաբաղյան հակամարտության մեջ», ղարաբաղյան փորձագետ Հրաչյա Արզումանյանի'«Ղարաբաղյան հակամարտություն. հայացք Ստեփանակերտից», Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, «Ռեզոնանս» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Մալխազ Գագուայի'«Հարավային Կովկասի հակամարտությունների հարաբերական վերլուծությունը. Վրաստանի փորձը», Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանի'«Ռազմական ռիսկերը և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները. ղարաբաղյան իրականությունը», ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանի' «Հակամարտության կարգավորման հեռանկարները. քաղաքացիական հասարակության փորձագիտական գնահատականներն ու մոտեցումները Ղարաբաղում», «Նոյան Տապան» գործակալության քաղաքական վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի' «Էթնոքաղաքական հակամարտություննները Հարավային Կովկասում. ընդհանուրը և տարրերը» և Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի' «Նոր տարածաշրջան և նոր ստատուս-քվո ղարաբաղյան հակամարտության շուրջ» թեմաներով ելույթներ:

Ելույթների ավարտին տեղի են ունեցել քննարկումներ, որոնց ընթացքում համաժողովի մասնակիցները արտահայտել են իրենց կարծիքներն ու դիրքորոշումները:

Այս խորագրի վերջին նյութերը