Լրահոս

09.07.2009 17:57


Վե՛րջ փողոցային առևտրին, ե՞րբ

Դեռևս մի քանի ամիս առաջ Գյումրիի քաղաքապետարանը հայտարարել էր, որ քաղաքում փողոցային առևտուրը պետք է կանոնակարգվի, և այդ ուղությամբ արվել են որոշակի քայլեր, ինչի շնորհիվ մի քանի փողոցներ ազատվել են առևտրից: Գյումրու քաղաքապետարանի այս քայլը խիստ դժկամությամբ է ընդունվում առևտրականների կողմից, ովքեր պարբերաբար բողոքում են դրա դեմ: Վերջին լուրջ բողոքները Գյումրու կենտրոնական շուկայի «Լաչինի միջանցք» կոչվող հատվածի առևտրականներինն էին, որոնց փորձ էր արվել տեղափոխել շուկայի տարածք։ Դրա համար մեկ օր ժամանակ էր տրվել, սակայն մինչև այսօր «Լաչինի միջանցքում» առևտուրը շարունակվում է: Խնդրի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Աշոտ Քալաշյանից որևէ մեկնաբանություն չհաջողվեց ստանալ: «7օր»-ի այն հարցին, թե ինչու՞ են «Լաչինի միջանցքում» առևտրականները մինչև հիմա շարունակում աշխատել այն դեպքում, երբ քաղաքապետարանը կազմակերպված ձևով պայքարում է փողոցային առևտրի դեմ, Ա. Քալաշյանը պատսախանեց. «Ես էդ հարցով չեմ զբաղվում: Դա մեր խնդիրը չէ։ Դիմեք ներքին գործերին»:

Իսկ այն հակադարձմանը, թե ինչպես կարող է առևտրի կազմակերպման տեղանքը ոստիկանության խնդիրը լինել, իսկ քաղապետարանինը՝ ոչ, Ա. Քալաշյանն ի պատասխան խորհորդ տվեց դիմել Լիլիթին (Լիլիթ Աղեկայն՝ Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ). «Նա բոլոր հարցերին կպատասխանի, դիմեք իրեն»:

Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը «7օր»-ին հետևյալ մեկնաբանությունը տվեց. «Կողքից անցնելով տեսել եմ, որ այս պահի դրությամբ աշխատում են, բայց՝ ժամանակավոր: Երբ իրենց փորձում էին հանել, եկան քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտ, ով իրենց շատ հստակ ասաց, որ միանշանակ, ելնելու են այդ տարածքից և տեղափոխվելու են շուկաները: Թե դա երբ է լինելու, չեմ կարող ասել. հնարավոր է՝ վաղը չէ մյուս օրը, կամ ավելի ուշ: Քաղաքապետը խոստացել է նրանց, որ առևտրի կազմակերպման պայմանների շուրջ կպայմանավորվի շուկայի սեփականատերերի հետ: Երևի, դրանից հետո միայն առևտրականները կտեղահանվեն»:

Իսկ «Լաչինի միջանցքի» առևտրականները սպասողական իրավիճակում են և, իրենց խոսքերով, ամեն օր սպասում են, թե երբ են իրենց տեղափոխելու:

 Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը