Քաղաքական

12.06.2013 16:08


Լևոն Զուրաբյան. «Առաջնային խնդիր է դառնում Տիգրան Սարգսյանի հրաժարականը»

Լևոն Զուրաբյան. «Առաջնային խնդիր է դառնում Տիգրան Սարգսյանի հրաժարականը»

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովում անդրադարձել է «Հետք»-ի հրապարակմանը, որում նշված է, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը առնչություն ունի օֆշորային գործարքների հետ։ «Հրապարակումից կարելի է եզրակացնել, որ անբարեխիղճ ձեռնարկատերերին օգնելով վարկ ստանալ և յուրացրել դրա միջոցները՝ դուք, որպես պարգևատրում, ստացել եք 350 հազար դոլար: Ակնհայտ է, որ բոլոր այս մեղադրանքները լուրջ վնաս են հասցնում երկրի վարկին, խարխլում են ժողովրդի վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, Հայաստանից վանում են բարեխիղճ ներդրողներին: Նման վիճակում առաջնային խնդիր է դառնում Տիգրան Սարգսյանի և նրա հովանավոր Սերժ Սարգսյանի հրաժարականը և բոլոր այս մեղադրանքների անաչառ և թափանցիկ քննությունը, որը թույլ կտա այս չարաշահումների, վատնումների և յուրացումների համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին ենթարկել քրեական պատասխանատվության և մաքրել Հայաստանի պետական ինստիտուների վարկը»,- հայտարարեց Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 29-ին «Հետք» համացանցային պարբերականը փաստեր հրապարակեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսանում է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի եւ վերջինիս սանիկ, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի հետ միասին: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Մասնավորապես, ըստ մամուլի՝ նախկինում արված հրապարակումների, Հայրապետյանը, հավատալով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության՝ ադամանդագործության զարգացման ծրագրին, 2009-ին գրավադրել է իր ունեցվածքը՝ 33 միլիոն դոլար, «Ամերիաբանկից» վարկ վերցրել, որպեսզի վարչապետի կոմպանիոն Աշոտ Սուքիասյանը Հայաստանի շուրջ 20 ադամանդագործների ադամանդի հումք մատակարարի Աֆրիկայից:

Այս խորագրի վերջին նյութերը