Հարցազրույց

20.06.2013 16:05


Էլինար Վարդանյան. «Վահե Էլոյանն ունի բոլոր հիմքերը դիմելու դատարան»

Էլինար Վարդանյան. «Վահե Էլոյանն ունի բոլոր հիմքերը դիմելու դատարան»

«iLur.am»-ի զրուցակիցն է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

- Կառավարության հունիսի 6-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մոտ երկու շաբաթ է՝ այս հարցը շարունակում է մնալ լրագրողների ու հասարակության ուշադրության կենտրոնում: Այսօր ի՞նչ հանգրվանի է հասել այս խնդիրը:

- Մամուլի հրապարակումներին, իհարկե, ծանոթ եմ, դրանք բոլորն ուսումնասիրել եմ: Իսկ մի պահից, տեսնելով, որ խնդրին որեւէ հանգուցալուծում չկա, ու հրապարակումները խորը անտարբերության, եթե չասենք՝ արհամարհանքի են արժանանում, իմ իրավասությունների սահմաններում փորձեցի ինքս ստանալ պարզաբանում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության ներկայացուցիչը, ի պատասխան իմ հարցադրման՝ խոստացավ հրապարակել կառավարության նիստի տեսագրությունը, միեւնույն ժամանակ խոստացավ ուսումնասիրել որոշման հիմքերն ու ներկայացնել հանրությանը: Ու հիմա ստիպված եմ արձանագրել, որ առ այսօր որեւէ պատասխան չկա:

- Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը կառավարության նիստում, որպես Էլոյանին աշխատանքից ազատելու հիմնավորում՝ նշել էր աշխատանքից ազատվելու դիմումը: Սակայն հետո կառավարության որոշման մեջ որպես հիմնավորում նշվում է այլ աշխատանքի նշանակելու հիմքը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ես, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, որպես իրավաբան, պարտավոր եմ առաջնորդվել միայն փաստերով. որպես փաստ՝ ես ունեմ Վահե Էլոյանի արձագանքը, որ ինքը սեփական կամքի համաձայն որեւէ դիմում չի գրել ինչպես աշխատանքից ազատվելու, այնպես էլ՝ այլ աշխատանքի տեղափոխվելու վերաբերյալ: Այս պայմաններում նա պաշտպանված է մեր երկրի կարեւորագույն օրենքներից մեկով՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Եվ հենց դրա համար եմ ես ասում՝ հրապարակեք կայացված որոշման հիմքերը:

- Երեկ zham.am կայքը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ պաշտոնապես դիմել է կառավարության լրատվական ծառայություն՝ խնդրելով տեսաերիզը, ինչին ի պատասխան՝ ասել են. «Ով ձեզ խոստացել է, իրենից էլ ստացեք»: Արդյո՞ք սա տեսագրությունը թաքցնելու միտում է:

- Ինքս ինձ հեռու կպահեմ կառավարության ներքին խոհանոցը մեկնաբանելուց: Բայց ուզում եմ անհանգստությունս հայտնել կառավարության ոչ այնքան լուրջ վերաբերմունքի կապակցությամբ: Ի վերջո, այս ամենը հանրության առաջ է կատարվել, եւ տեսագրության հրապարակումը, կարծում եմ, կտա շատ հարցերի պատասխան:

- Ի վերջո, ո՞րն է խնդրի տրամաբանական ավարտը:

- Ես կարծում եմ, որ Վահե Էլոյանն ունի բոլոր հիմքերը դիմելու դատարան եւ վերականգնելու իր խախտված իրավունքները: Հարկ եմ համարում փաստել,որ սա շատ վտանգավոր նախադեպ է ու չի կարող վրիպել նաեւ եվրոպական կառույցների ուշադրությունից:

Արման Գալոյան

Աղբյուրը՝ http://www.ilur.am/news/view/15228.html

Այս խորագրի վերջին նյութերը