Լրահոս

27.06.2013 15:04


Հրայր Թովմասյանը փորձել է գրկել ոդեկորույս մորը, բայց նա թույլ չի տվել

Հրայր Թովմասյանը փորձել է գրկել ոդեկորույս մորը, բայց նա թույլ չի տվել

Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի գործողություն են իրականացրել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը։

Նրանցից մեկը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին վրդովված ասել է.

Էլ ես հույս չունեմ էս երկրից, երեխուս հանելու եմ գերեզմանից, տանեմ, մի դեսպանատան դեմը նստեմ, տեսնեմ՝ ով կընդունի։ Իմ երեխուն պիտի հանեմ, նոր գան ինձ շրջապատե՞ն։ Ինչի՞ չեն ուզում մեղավորներին պատժեն։ Մեզ հոլի պես ֆռռացնում են։ Հերիք եղավ։

Արդարադատության նախարարը հակադարձել է՝ էդպիսի բան չկա, որ ինչ–որ մեկը չուզենա մեղավորին պատժել, բայց և հարցին՝ ինչո՞ւ չեն պատժում, անկեղծացել է.

–Չեմ կարող հիմա ասել։ Ես անկեղծ չեմ կարող ձեր էդ հարցին պատասխանել։

Հրայր Թովմասյանն անգամ փորձել է գրկել ոդեկորույս մորը, սփոփել, բայց նա թույլ չի տվել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էլ արդարադատության նախարարն ընդգծել է.

–Ես հասկանում եմ նրանց՝ զավակ են կորցրել, բայց աշխարհում շատ ու շատ հայտնի գործեր չեն բացահայտվել։ Ես չեմ ուզում ասել, որ այս գործերը չեն բացահայտվի, բայց չպետք է ծնողների մոտ կասկած մնա, որ ինչ-որ բան այնպես չէ։

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե կառավարության շենքի առջև հաճախակի տեղի ունեցող բողոքի գործողությունների պատճառը միջին օղակների ուղղորդումն է.

–Միջին օղակի չինովնիկները նրանց պատասխանում են՝ մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի: Սա անթույլատրելի մոտեցում է, քանի որ մարդկանց ուղղորդում են կառավարության դիմաց միտինգներ անելու: Կոմպետենտ չեն այդ միջին օղակի աշխատողները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը