Լրահոս

13.07.2009 14:09


«Անձնավորված պատասխանատվությամբ բանակցություններ». «Հայկական Ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբն, առաջնորդվելով Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդման և Հայոց պետականության կենսունակության պահպանման քաղաքական գերակայությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից «Մադրիդյան սկզբունքների» պաշտոնական հրապարակայնացման և դրանց ՀՀ արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի տված միանգամայն դրական գնահատականների լույսի ներքո արձանագրում է.

Սերժ Սարգսյանի վարչախումբը արցախյան և հայ-թուրքական հիմնախնդիրների հանգուցալուծման ուղղությամբ հետևողականորեն դրսևորում է Հայաստանի ազգային անվտանգության հիմնասյունները խարխլող նախաձեռնողականություն, որն արտաքին անհարկի ճնշումների հավելյալ առիթներ է ընծայում:

«Մադրիդյան սկզբունքներ» հորջորջված առաջարկությունները, որոնց կաղապարների սահմաններում Սերժ Սարգսյանի վարչախումբն անձնավորված պատասխանատվությամբ բանակցություններ է վարում Արցախի ճակատագրի վերաբերյալ միանգամայն մերժելի են ինչպես յուրաքանչյուր բաղադրիչի, այնպես էլ իրենց ամբողջականության մեջ:

«Մադրիդյան սկզբունքներում» առկա առաջարկությունների անգամ մասնակի իրականացումը հավասարազոր է Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի և Հայոց պետականության համար հղի է համապարփակ բնույթի անշրջելի կործանարար հետևանքներով:

Ուստի՝ ակներևաբար գիտակցելով, որ «Մադրիդյան սկզբունքների» որևէ բաղադրիչի իրականացումը հանգեցնելու է հրադադարի միակ երաշխիքը հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը և Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության վերացմանը, համընդհանուր բարոյալքմանը և, որպես հետևանք' Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) զգալի հատվածի շուտափույթ և անդառնալի հայաթափությանը,

Հաստատելով, որ տարածքները զիջելու և Արցախում ադրբեջանցի «փախստականներին» բնակեցնելու դիմաց խոստացվող ժամանակագրորեն անորոշ «կամարտահայտությունը», ինչպես նաև միջազգային ցանկացած մակարդակի և կարգի երաշխիքներն ի զորու չեն կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությունը,

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խումբն արձանագրում է, որ «Մադրիդյան սկզբունքների» բովանդակությունը «դրական» որակող և դրանց կաղապարների գերակայությամբ Արցախյան հիմնախնդիրը «հանգուցալուծելու» պատրաստակամություն հայտնած Սերժ Սարգսյանի վարչախումբը կանգնած է սահմանադրական լեգիտիմության վերջին նշույլները կորցնելու նախաշեմին: ՀՀ Նախագահի կամ ԱԳՆ մակարդակով ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ, այդ թվում ՝ հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագիր, որում ամբողջական կամ մասնակի հավանություն կտրվի «Մադրիդյան սկզբունքների» որևէ բաղադրիչին, մասնավորապես՝ տարածքային նվազագույն զիջմանը, «փախստականների վերադարձին», «խաղաղապահ գործողության» իրականացմանը կամ անորոշ ժամանակով հետաձգված «հանրաքվեին» պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի և նրա ի սկզբանե սնանկ վարչախմբի անվերապահ պաշտոնանկությանը:

«Մադրիդյան սկզբունքների» որևէ բաղադրիչին իրավական պարտավորություն առաջացնող ցանկացած մակարդակի ստորագրությամբ անգամ նախնական համաձայնություն տալը, առավել ևս դրանք կենսագործելու միտված որևիցե գործնական ոտնձգություն պետք է դիտարկվի որպես Հայաստանի ազգային անվտանգությունը քայքայելուն և երկրի պաշտպանության համակարգը կործանելուն ուղղված ծանրագույն հակապետական հանցագործություն:

Այս խորագրի վերջին նյութերը