Լրահոս

03.07.2013 14:24


Էդիկ Բաղդասարյան. «Ես հայրենիքը զգում եմ միայն առանջագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած»

Էդիկ Բաղդասարյան. «Ես հայրենիքը զգում եմ միայն առանջագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած»

Այսօր նորից ընկերներիցս մեկը սկսեց ինձ խորհուրդներ տալ: Ու հիմա կեսգիշերին ստիպված գրում եմ այստեղ, որպեսզի ամեն անգամ չկրկնվի նույն պատմությունը, ու նույն ձեւով չխզեմ կապերս երկրից հեռացած ընկերներիցս մեկի հետ:
Ես հայրենիքը, գիտեք, որտե՞ղ եմ զգում. միայն առանջագծում, որտեղ հայ զինվորն է կանգնած: Այս կուսակցությունները, այս պաշտոնյաները ուրիշ տեղ ինձ համար հայրենիք չեն թողել: Ես անընդհատ ուզում եմ այնտեղ լինել, սահմանին, առաջնագծում` հայրենիքում: Ամեն ինչ մսխել են, տարիների ընթացքում ինձնից խլել են իմ հայրենիքի մնացած բոլոր հատվածները ու թողել են միայն այս ձգվող սահմանագիծը` զինվորներով։ Ես ոչ մի տեղ այնքան ապահով չեմ զգում, ինչքան այս՝ երբեմն հակառակորդից երեսուն մետր հեռավորության վրա գտնվող դիրքերում: Ու այնտեղ զինվորներն են կանգնած, ու գիտե՞ք ինչի համար` երկրից հեռացողների հանգիստ փախուստն ապահովելու: Հեռացողները գիտե՞ք երբեմն ուր են գնում` Ռուսաստանի ինչ–որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեր կեղծելու…: Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց։ Ինչպիսի բացատրություն էլ տաք, միեւնույն է, չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպես կարող ես այդքան հեշտ հրաժարվել: Իսկ ես ընդամենը ուզում եմ հայրենիքս զգալ նաեւ այստեղ՝ Երեւանում, Գյումրիում, Չարենցավանում, Հայկաձորում, Մարգարայում, ամենուր։ Չեմ ուզում, որ միայն հակառակորդի դեմ–դիմաց կանգնած զգամ: Իսկ դա իրականություն չի կարող դառնալ առանց ձեզ: Ես ձեզնից յուրաքանչյուրի կարիքը այստեղ ունեմ: Մենք դատարպարտված ենք հաղթանակած ապրելուն: Անհնար է պարտությամբ գոյատեւել 21-րդ դարում: Խնդրում եմ՝ դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն:

«Հետք» էլեկտրոնային օրաթերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը