Քաղաքական

07.08.2013 11:20


«Երեքից մեկն էլ ես եմ». համարժեք պատասխան Տարոն Մարգարյանին

«Երեքից մեկն էլ ես եմ». համարժեք պատասխան Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ–ի տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելը ընդամենը երեք հոգու պահանջ է։ Նա նաև նշել էր, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը ժամանակավորապես կասեցնելը ժողովրդի՝ մոտ 6 օր տևած պայքարի հետ ոչ մի կապ չունի։

Տարոն Մարգարյանի այս հայտարարություններից հետո «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները որոշել են բողոքի հերթական գործողությունն իրականացնել «Երեքից մեկն էլ ես եմ» կարգախոսի ներքո։

«Ստացվում է՝ մենք պայքարեցինք, Տարոն Մարգարյանն առավոտյան արթնացավ, հանդիպեց մի քանի ուսանողների հետ, փոխեց իր որոշումը։ Ինչ լավ կլիներ, եթե մեզ մոտ բոլոր որոշումներն այդպես ընդունվեին։ Փաստորեն, Տարոն Մարգարյանն ընդառաջ գնաց այդ մի քանի ուսանողների պահանջին, իսկ արդեն մի շաբաթ է նստացույց անող երիտասարդների պահանջն անհիմն է համարում՝ որակելով երեքի պահանջ»,–ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարության մեջ։։

Այսպիսով, առաջարկվում է ուրբաթ օրը՝ օգոստոսի 9-ի ժամը 16։30–֊ին, հավաքվել Ազատության հրապարակում և այնտեղից երթով շարժվել դեպի քաղաքապետարան.

«Մնացյալը կարող են միանալ քաղաքապետարանում՝ ժամը 17։30֊–ին։ Քանի որ ակցիայի հստակ նպատակը ցույց տալն է, որ մեր պահանջը «Երեքի պահանջ» չէ, ցանկալի կլինի, որ գրեթե բոլորի ձեռքում լինեն պաստառներ, պլակատներ՝ վրան գրված «Երեքից մեկն էլ ես եմ», «Մեկ, երկու, երեք, երեք, երեք, երեք, երեք» , «3+1+1+1+1»։ Ընտրե՛ք որը ցանկանում եք։ Բոլորի ներկայությունը ցանկալի է։ Սա էլ կլինի համարժեք պատասխան պարոն Տարոն Մարգարյանի խոսքերին»,–ասված է այդ հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը