Մեկնաբանություն

18.07.2009 18:21


Մադրիդյան սկզբունքների ստուգարքը

Մադրիդյան սկզբունքների ստուգարքը

Սարգսյան-Ալիև մոսկովյան հանդիպումը քաղաքական կանխատեսումների սիրահարների համար մի քանի շաբաթ հայտարարությունների և «գաղտնազերծումների» տեղատարափ էր։ Կստորագրվի՞ ինչ-որ փաստաթուղթ, թե՞ ոչ, կողմերը կհաստատե՞ն իրենց հավատարմությունը Մադրիդյան սկզբունքներին և այլն։ Արդարության առաջ չմեղանչելով՝ պետք է նախապես ասեմ, որ «սկզբունքների» քողազերծումից հետո կրկին խորհրդավորության ու գաղտնիության մթնոլորտը պարուրում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը։ Այնպիսի տպավորություն է ձևավորվում, թե այս ամբողջը մի ներկայացում էր, որի նպատակը Մադրիդյան սկզբունքների հրապարակման համար հարմար տեղեկատվական առիթ ստեղծելն ու դրանց շուրջ հասարակական կարծիքի ձևավորելն էր։ Նման եզրակացություն անելու համար ինձ հիմք է տալիս հենց այն կամպանիան, որ նախորդեց այս հանդիպմանը։

ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների G8 գագաթնաժողովի շրջանականերում կատարած աննախադեպ ու ոչ երկիմաստ հայտարարությունն ու Սպիտակ տան կողմից Մադրիդյան սկզբունքների հրապարակումը՝ տպավորություն ստեղծեցին, իբր այդ սկզբունքներն անդառնալիորեն դրված են բանակցային գործընթացի հիմքում։ Սակայն թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակական և քաղաքական շրջանակներում ծայր առած քննարկումները ցույց տվեցին, որ այդ սկզբունքները, մեղմ ասած, բանակցային սեղանի նեղ շրջագծից այն կողմ աջակցություն չեն վայելում։ Դիվանագիտական դեմարշների, հեռակա «մենամարտերի» նման առատություն մեկ էլ եղել էր Քի Ուեսթի հանդիպման նախօրեին։ Երկու կողմում էլ կորուստների ու ձեռքբերումների ակնկալիքները հավասարակշռում են միմյանց, որովհետև հակամարտության կարգավորման արհեստական արագացումը նյարդային գերլարվածության մթնոլորտ է ստեղծել։ Հիշենք միայն այն հայտարարությունները, թե մոսկովյան հանդիպման ժամանակ «ճեղքում է լինելու», կամ «բանակցող կողմերի դիրքորոշումներն առաջընթացի լուրջ հիմքեր են տալիս» և այլն։ Իրականում, ադյոք, այս ամենը մի բաժակ ջրում փոթորիկ չէ՞։ Կամ որ ավելի վատ է՝ գործընթացը խորհրդավորության նոր շղարշով պարուրելը չի՞ բերելու իրավիճակի նոր գերլարվածության։ Ժամանակը ցույց կտա, բայց մի բան գրեթե պարզ դարձավ. Մադրիդյան սկզբունքները քննություն չեն բռնում, չափազանց շատ են հակասությունները։

Փորձենք ապացուցել այս թեզը հենց համանախագահների մեկնաբանություններով։

ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հանդիպման ավարտին հայտարարեց. «Քննարկվել են այնպիսի հարցեր, որոնք այս փուլում չեն ընկալվում»։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ առաջարկված սկզբունքները քննարկման չեն դրվել ընդհանրապես։ Կամ, չեն ընկալվում ո՞ւմ կողմից՝ բանակցող նախագահների՞, նրանց ժողովուրդների՞, թե՞ համանախագահների։

Իսկ ահա ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն գրեթե բացահայտ հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները «հասկացված չեն» կողմերի համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է հավանություն ստանալ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ,-ասել է Ֆասիեն: Բայց կրկին հարցական նշան կա՝ ո՞ւմ հավանությանն են սպասում միջնորդները։

Առավել քան անկեղծ էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա այնքան է շտապում Ադրբեջանում դեսպանական առաքելությունն սկսելուց առաջ Ալիևին ինչ-որ մի ստորագրված փաստաթուղթ հրամցնել, որ լրագրողների առջև չկարողացավ զսպել ափսոսանքը. «Ես փոքր-ինչ հիասթափված եմ, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել»,-հայտարարեց մինչ այժմ մշտապես լավատես Բրայզան։ Մի ուշագրավ հայտարարություն էլ է արել ամերիկացի դիվանագետը։ «Սա առաջին հանդիպումն էր, երբ նախագահներն այսքան բացահայտ բանավիճում էին մեր ներկայությամբ»։ Նշանակում է՝ բանավեճ է եղել։ Իսկ համանախագահներն այդ բանավեճից ի՞նչ եզրակացության են եկել, ո՞ւմ փաստարկներն են առավել համոզիչ և ո՞ւմ դիրքորոշումն է առավել կոշտ։

Հարցերը շատ են, իսկ նախագահները՝ սակավախոս: Համենայնդեպս, հասկանալի է, որ արագ լուծումների կողմնակիցները պետք է համբերությամբ զինվեն։ Խոսելով բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության մասին՝ Յու.Մերզլյակովը երկիմաստորեն հայտարարել է. «Ղարաբաղյան կողմի մասնակցությունը պետք է լինի այն փուլում, երբ հավանության արժանացած լինեն հիմնարար սկզբունքները, քանի որ մեզ ձեռնտու չեն հիմնարար սկզբունքների վերանայման մասին հայտարարությունները»: Դա պարզորոշ խոսում է այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները կենթարկվեն մոսկովյան ոչ կոսմետիկ խմբագրման։ Թեև դեռ պարզ չէ, թե ում օգտին կլինեն այդ խմբագրումները, սակայն պիտի հիասթափեցնեմ նրանց, ովքեր այս օրերին դարձել էին Մադրիդյան սկզբունքների դրոշակակիրը՝ այն համարելով լավագույն փաստաթուղթը։ Մասնավորապես, Հայաստանում պաշտոնական դիվանագիտության կողմնակիցները (կոալիցիոն կուսակցություններ, դրանց սպասարկող քաղաքագետներ ու տեսաբաններ) և տերպետրոսյանական ընդդիմության մի քանի «մոլորված» ներկայացուցիչները  «կոնյուկտուրային կողմնացույցի» կորստյան պատճառով շատ նուրբ իրավիճակում են հայտնվել։ Ի՞նչ պիտի ասեն մամուլի ակումբներում...

Էդուարդ Սարիբեկյան

«7 օր» կայքէջի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը