Լրահոս

24.07.2009 10:37


Վրացիները խոստովանել են, որ իրենք են կողոպտել բանկը

Վրացիները խոստովանել են, որ իրենք են կողոպտել բանկը

Հուլիսի 23-ին Բագրատաշենի մաքսային կետի սահմանապահների հետ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից,  ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 1971 թ. ծնված Ռևազ Գուլբատաշվիլին, 1972 թ. ծնված Թինաթին Դավիթաշվիլին և 1976 թ. ծնված Դավիթ Աբուլաձեն: Վերջինիս հորեղբոր որդին՝ 1976 թ. ծնված Գելա Աբուլաձեն բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանից:

Բերման ենթարկվածների մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 3800 դոլար և 6000 ռուբլի, մարզական հանդերձանք, կանացի կեղծամ, գլխարկներ, պայուսակներ, սև ակնոցներ, ծալովի դանակ, ալկոհոլային խմիչքներ և այլն:

Ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման տակ հանցախմբի անդամները խոստովանել են, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրանց կողմից կատարված այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:
Հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող «Հայխնայբանկի» 4-րդ մասնաճյուղից օգնություն են խնդրել:
Պարզվել է, որ ժամը 09.20-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք անհայտ անձինք մուտք են գործել նշված մասնաճյուղ, դանակի սպառնալիքով ծեծի ենթարկել կառավարիչ՝ 1954 թ. ծնված Սեդա Հ.-ին և հափշտակելով 3 միլիոն 900.000 դրամ, 3 040 դոլար, 420 եվրո, 18 000 ռուբլի՝ դիմել են փախուստի:
Սեդա Հ.-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Այս մասին հաղորդել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Այս խորագրի վերջին նյութերը