Մեկնաբանություն

11.12.2013 13:03


Սերժ Սարգսյանի նոր արկածախնդրությունը

Սերժ Սարգսյանի նոր արկածախնդրությունը

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքական դաշտում գնում է հերթական արկածախնդրության։ Նրա մոտ «նախաձեռնողականության» նոպաներ են։

ՀՀԿ ղեկավարը շարունակում է խաղամոլի հոգեբանությամբ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության հարցը առևտրի առարկա դարձնել։

Պարզվում է, որ Սերժը մի ձեռքով Պուտինին է նամակ գրում և իր հավատարմության երդումները հայտնում Գյուլիստանի պայմանագրին, իսկ մյուս ձեռքով դիմում է Թուրքիային և Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված այդ պետությանը հրավիրում Ղարաբաղ։ Երկու դեպքում էլ նա հակապետական կոդերով է հանդես գալիս։ Այլ կերպ ասած՝ Սերժն աճուրդի է հանել Հայաստանն ու Ղարաբաղը՝ «Ով ավելի շատ կտա» թեմայով։

Օրերս «Առավոտ» օրաթերթով տեղեկատվական արտահոսք կազմակերպվեց, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները գաղտնի առաջարկ են արել թուրքերին (առաջարկն այնքան գաղտնի է եղել, որ հայտնի է դարձել «Առավոտին»)։ Թուրքիային այդ առաջարկների շրջանակներում հնարավորություն է տրվելու խաղաղարար ջանքերով հանդես գալ Ղարաբաղում։ Իսկ թե ինչպիսի խաղաղարար դիրքորոշում ունի Հայաստանը մասնակի շրջափակման ենթարկած Թուրքիան, հիշեցնելու կարիք չկա։

Փաստորեն, Սերժ Սարգսյանի մոտ «ֆուտբոլային» հիվանդության սրացման փուլ է, և նրա սիրտը կրկին Գյուլ է տենչում (գերմանացիներից «ագրեմանի» սպասող դաշնակցական Վահան Հովհաննիսյանի ականջը կանչի. «Նախագա՛հ, մի՛ զիջիր»)։

Ի դեպ, պաշտոնական Անկարան արդեն հրապարակավ պատասխանել է Երևանի «գաղտնի» առաջարկներին։ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարել է, որ եթե հայկական զորքերը դուրս գան Ղարաբաղի երկու շրջաններից, ապա կարելի է մտածել հայ–թուրքական սահմանը բացելու մասին։ Պաշտոնական Երևանն այս առաջարկին չի արձագանքել, փոխարենը Բաղրամյան 26–ի տակ աշխատող լրատվամիջոցներից մեկն է հիացական գնահատականներ տվել «Երկու շրջանի հանձնում՝ հայ–թուրքական սահմանի բացման դիմաց» թուրքական առաջարկին։

Հաշվի առնելով այն, որ Սերժ Սարգսյանը սիրում է խոսել «անկախ» լրատվամիջոցների շուրթերով, ապա կարող ենք ասել, որ Դավութօղլուի առաջարկը դուր է եկել ՀՀԿ ղեկավարին։ Կամ առնվազն՝ նա դեմ չէ այդ թեմայով Թուրքիայի հետ գյալաջի անելուն։

Հայաստանի իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ Թուրքիային հետաքրքրում է հայ–թուրքական շփումների գործընթացը, այլ ոչ թե կոնկրետ արդյունքը (սահմանի բացումը)։ Եթե Թուրքիային արդյունքը հետաքրքրում էլ է, ապա միայն Ղարաբաղի մասով, բնականաբար՝ հայկական կողմի զիջումների տեսքով։

Սերժ Սարգսյանը չհասկացավ նաև, որ Թուրքիային որևէ տարբերակով չի կարելի Ղարաբաղի հարցին լեգիտիմ մակարդակով միջամտելու հնարավորություն տալ՝ թեկուզև խաղաղարարության ֆունկցիաների շրջանակներում։ Հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի հայ–թուրքական ու հայ–ադրբեջանական հարաբերությունների տարանջատումը, այլ ոչ թե դրանց շաղկապումը։

Եթե այսքան բանը Սերժ Սարգսյանը չի հասկանում, ապա իրավունք չունի պետություն ղեկավարել, և հետևաբար, նրա հեռացումը ազգային անվտանգության ապահովման միջոցի է վերածվում։

Իսկ եթե Սերժ Սարգսյանը հասկանում է իր քայլերի հետևանքները, բայց շարունակում է «նախաձեռնողականությունը», ապա դա արդեն այլ բան է նշանակում և այլ հոդված նախատեսում։

Ամեն դեպքում, նրա ներկայությունը Բաղրամյան 26–ում սպառնալիք է մեր պետականությանը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը