Լրահոս

25.12.2013 13:46


Նինա Մարգարյան. «Առաջարկում եք հեշտացնե՞լ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի գործը»

Նինա Մարգարյան. «Առաջարկում եք հեշտացնե՞լ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի գործը»

Արդեն քանի օր է՝ հասարակության մեջ խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ոչիշխանական ուժերը պետք է «գազային» պայմանագրի պատմությունից հետո հրաժարվեն իրենց մանդատներից: Ինձ համար, ճիշտն ասած, նման խոսակցություններն առավել քան տարօրինակ են: Ի՞նչ է նշանակում «պետք է հրաժարվեն մանդատներից»: Հարգելինե՛րս, քաղաքականության մեջ, և ոչ միայն քաղաքականության, այլ կյանքի բոլոր ոլորտներում, ցանկացած քայլ պետք է որևէ նպատակ հետապնդի: Այս դեպքում նպատակը ո՞րն է մանդատներից հրաժարվելու:
Այսինքն, դուք առաջարկում եք լքել պայքարի դաշտը և ինքնակամ հրաժարվե՞լ թեկուզ ոչ այնքան մեծ քաղաքական լծակներից, առաջարկում եք հեշտացնե՞լ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի գործը, և թողնել իշխանական կոալիցիան ԱԺ-ում առանց դիմադրությա՞ն, որպեսզի նրանք զգան, որ այլևս ընդհանրապես ոչ մի ճնշում կամ դիմադրություն չկա, և իրենք կարող են նույնիսկ շնչելու համար հարկեր հորինել:
Դուք առաջարկում եք ոչիշխանական ուժերին մանդատները վայր դնել, որ առանց այդ էլ մոնոպոլիզացված երկրում մարդիկ ԱԺ-ի ամբիոնից հնարավորություն չունենա՞ն բոլորին հուզող և ՀՀ անվտանգությանը վերաբերող հարցեր բարձրացնել, և որ այդ օրենսդիր մարմնում տիրի բացառապես ՀՀԿ-ի անսահման, որևէ դիմադրության չհանդիպող իշխանությունը: Սա՞ եք առաջարկում:
Այդպիսի բան չկա՛: Այս ռեժիմի դեմ պետք է պայքարել թե՛ քաղաքական ամբիոնից, թե՛ փողոցում, և օգտագործել բոլոր հնարավոր հարթակները՝ չզիջելով նույնիսկ ամենաչնչին ռեսուրսը:
Հ.Գ.: Գիտեք, մանդատ հանձնելու կոչը նման է այն իրավիճակին, երբ, ենթադրենք, ձեր տուն գալիս, ինչ-որ անհամ հյուրեր են մտնում, սկսում են իրենց վարքուբարքը հաստատել ձեր իսկ տանը, իսկ դուք վերցնում ու ինքնակամ հանձնում եք ձեր տան բանալիներն այդ հյուրերին, հավաքում եք ձեր իրերն ու հանգիստ լքում տունը, իսկ հետո՝ ցուրտ ու մութ գիշերներին, բաց երկնքի տակ նստելով, լացում եք, որ ձեր տունն ինչ-որ մեկը սեփականաշնորհել է, և դուք հիմա ստիպված եք գիշերել բաց երկնքի տակ: Է հա, մնայիք ու պայքարեիք, բա ո՞վ է մեղավոր, որ դուք հրաժարվել եք պայքարից, որ հիմա էլ նստած լացում եք:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը