Քաղաքական

15.01.2014 12:46


Արծվիկ Մինասյան. «Ես կիսում եմ երկրորդ նախագահի տեսակետը»

Արծվիկ Մինասյան.  «Ես կիսում եմ երկրորդ նախագահի տեսակետը»

Տնտեսագիտությունը երկրորդ նախագահի հարցազրույցում քիչ տեղ էր զբաղեցնում, եւ ավելի շատ հանրային-քաղաքական պատասխան էր հնչեցվում,– Yerkir.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի «Մասնագիտական վերլուծությանը» տված Ռոբերտ Քոչարյանի պատասխան-հարցազրույցին: Նա կարծիք հայտնեց, որ այդ պատասխաններում հստակ դիրքորոշում կար թե' շինարարության ոլորտի, թե' այլ հարցերի` պարտադիր կուտակային համակարգի կամ գազի գնագոյացման վերաբերյալ:

«Ես կիսում եմ երկրորդ նախագահի տեսակետը եւ, որպես տնտեսագետ, մեթոդաբան, համարում եմ, որ ճիշտ հարցադրում է, որ դեռեւս հիփոթեքային վարկերի այս ծավալի մասին պետք է հստակ պատկերացում լինի` որոնք են, որ դասակարգվում են հիփոթեքային վարկերի տիրույթում: Բացի դա, ես կարծում եմ, որ երկրորդ նախագահը կարող էր անգամ արձագանքել այն բանին, որ, 2007 թվականի դեկտեմբերի դրությամբ, ոչ թե 49 միլիարդ դրամ է ներգրավված եղել հիփոթեքային վարկերի մեջ, այլ, ըստ ԿԲ պաշտոնական վիճակագրության` 53 միլիարդ դրամ: Մյուս կողմից էլ` դինամիկան, որ 2007 -ից հետո եղել է, ցույց է տալիս, որ դա ներկա կառավարության շնորհիվ չէ, որ տեղի է ունեցել, այլ ուրիշ պատճառներ էլ են եղել»,- ասաց պատգամավորը' պարզաբանելով, որ դա պայմանավորված է նաեւ տնտեսության մեջ հսկայական վարկային ռեսուրսների մուտքով կամ պետության ֆինանսավորման համակարգով:

Նա նաև կարեւորում է Ռոբերտ Քոչարյանի` պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ տված գնահատականը եւ շնորհակալություն հայտնում նրան, որ մեկընդմիշտ փակեց նաեւ այդ հարցը' մանրամասնելով. «Մենք անընդհատ պնդում էինք` որպես Դաշնակցություն, որ այն ժամանակ, երբ Դաշնակցությունը եղել է կառավարության կազմում, միշտ դեմ է արտահայտվել այս համակարգին: Սա, ըստ էության, հաստատեց նաեւ երկրորդ նախագահը' նշելով, որ կառավարությունը դեմ է եղել, ու այս պրոյեկտը, ըստ էության, ԿԲ-ի ցանկությունն է, կամ նրանց ձգտումն է' երկրում ապահովել պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը: Իսկ դա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգի հետ կապ չունի այս` բարեփոխում կոչվածը»:

Մանրամասները՝ yerkir.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը