Մեկնաբանություն

21.01.2014 12:15


Քաղաքականացնե՛լ ու միասնաբար պայքարե՛լ

Քաղաքականացնե՛լ ու միասնաբար պայքարե՛լ

Ի՞նչ է նշանակում չքաղաքականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման դեմ ծավալված պայքարը։ Այսի՞նքն։

Քաղաքական մեծամասնությունը, հաշվի չառնելով հասարակության լայն շերտերի ընդվզումը, ընդունեց քաղաքական որոշում։ Հիմա նրանք, ովքեր ասում են, թե մի՛ քաղաքականացրեք պայքարը, ո՞նց են պատկերացնում իշխանության վրա ազդելը։

Չքաղաքականացնել, բա ի՞նչ անել։ Փոքր խմբերով դուրս գալ փողոց, ինչ–որ բան վանկարկել ու ցրվել տներո՞վ։ Դա նույնն է, ինչ փակվես սենյակումդ, ընկղմվես մեդիտացիոն նիրհի մեջ ու աստրալների միջոցով ազդակներ ուղարկես իշխանությանը՝ վերանայելու աղաղակող ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշումը։ Ու նկատե՛ք՝ հակասահմանադրակա՛ն որոշումը։ Այնպես որ, քաղաքականացնելուն այլընտրանք չկա։

Մի՞թե պարզ չէ, որ գործող իշխանությունը միայն ուժի վճռական ու միասնական ալիքի դեմ է ընկրկում։ Հակառակ դեպքում թքած ունի միչև 1974թ. ու դրանից հետո ծնվածների իրավունքների վրա։ Միասնականը պատահաբար չէ ասված։

Բավական է լսել մուղամը, թե իբր այս հարցում և հետագայում ոչիշխանական ուժերի միասնական պայքարն անհնար է։ Պարզապես նայեք, թե ովքեր են դա ասում։ Փաստորեն, պայքարի դուրս եկած ուժերին առաջարկվում է առանձին–առանձին ինչ–որ բան ձեռնարկել ու ... փառահեղորեն պարտվել։ Ընդ որում, միասնական պայքարի անհնարին լինելու մասին խոսում են նաև նույն ուժերի որոշ մարած ներկայացուցիչներ։

Երկար-բարակ իմաստ չունի փաստարկել, թե ինչ է լինում, երբ թիրախը մեկն է, իսկ համախմբումը տապալվում է։ Առավել ևս՝ Հայաստանի գործող իշխանության պարագայում։ Հեռու պետք չի գնալ՝ կա՛մ հաճախորդացում, կա՛մ «նվաստացման երեկո»։ Երկուսն էլ նույն բանն են։ հետևաբար՝ պետք է քաղաքականացնել ու միասնաբար պայքարել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը