Մեկնաբանություն

04.02.2014 11:35


Բումերանգը կվերադառնա, բայց առանց շամպայնի

Բումերանգը կվերադառնա, բայց առանց շամպայնի

6 տարի առաջ գործող իշխանությունը հայտարարեց Հայաստանն արագ զարգացման ճանապարհով տանելու բարեփոխումների մասին ու նետեց իր ավերիչ բումերանգը։ Հիմա այն դեպի նետողը վերադառնալու ճանապարհին է։

Ասում են՝ բումերանգը արդարության դատավորն է։ Այդպես էլ ստացվում է։ 6 տարի առաջ խոշոր գործարարը թքած ուներ մանր կրպակատերերի խնդիրների վրա, այսօր նա այդ նույն խնդիրների առաջ է կանգնել։

6 տարի առաջ «մտավորականն» ամպագոռգոռ հայտարարություններ էր անում «լյումպենի» հասցեին, այսօր նա մինչև վերջին խազը լյումպենացված է։

6 տարի առաջ միջազգային գրասենյակներում աշխատողներն ասում էին, թե իրենց աշխատավարձը թույլ է տալիս կտրվել հայաստանյան իրականությունից։ Այսօր նրանք պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքի գործողությունների մշտական մասնակիցներն են։

6 տարի առաջ տաքսու վարորդների մասին անընդհատ անեկդոտ պատմողներն այսօր իրենք են տաքսու ղեկին։

6 տարի առաջ քաղաքական տարբեր հայացքներ, մոտեցումներ, նպատակներ ունեցող ուժերն ու գործիչները քննադատում էին միմյանց ՝ հիշեցնելով անցյալը, իսկ այսօր հայտարարում են միասնական ճակատով հանդես գալու անխուսափելիության մասին։

Մի խոսքով, 6 տարի առաջ էլ կային խնդիրներ։ Բայց դրանց պատճառները տարբեր խավերի ներկայացուցիչներ տարբեր կերպ էին ընկալում ու մեկնաբանում։ Մինչև այն պահը, երբ այսօրվա իշխանությունը նետեց իր բումերանգը։

6 տարի անցավ, վիճակը գնալով վատացավ, ու բոլորի համար պարզ դարձավ՝ որտեղից են ծնվում օր օրի աճող ու գլխիդ խփող պրոբլեմները։

Այնպես որ, սպասե՛ք ձեր նետած բումերանգին։ Ցողունային բջիջներն այս հարցում չեն կարող օգտակար լինել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը