Լրահոս

08.08.2009 10:25


Մ. Բրայզա. «Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության գալուն շատ մոտ են եղել»

Մ. Բրայզա. «Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության գալուն շատ մոտ են եղել»

Ծաղկաձորում կազմակերպված երիտասարդական համաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ասել է, որ իրենք կողմերից որևէ մեկի վրա չեն կարող ճնշում գործադրել, այլ միայն փորձում են համաձայնության գալու հարցում աջակցել:

Մ. Բրայզան նաև հայտարարել է, որ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության գալուն շատ մոտ են եղել, սակայն այդպես էլ պաշտոնական համաձայնություն չի եղել։ Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ սեպտեմբերին կայանալիք ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների՝ տարածաշրջանային այցելությունից հետո նախագահները կմոտենեն հիմնարար սկզբունքների վերջին՝ չհամաձայնեցված տարրերը համաձայնեցնելու նախաշեմին:

Մ. Բրայզան նաև նշել է, որ ինքը երբեք չի ասել, թե Ղարաբաղը վերադարձվելու է Ադրբեջանին:

«Ես միայն ասել եմ, որ միջանկյալ կարգավիճակը կորոշվի հիմա, իսկ վերջնական կարգավիճակը կորոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,- նշել է նա՝ հավելելով, որ ԼՂ-ի հակամարտությունը լուծվելու է տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Ըստ Բրայզայի՝ կարգավորման քայլերի հերթականությունը հետևյալն է՝ փախստականների վերադարձ, սկզբում 5, այնուհետեւ ևս երկու շրջանների վերադարձ Ադրբեջանին, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե, խաղաղապահ ուժերի տեղակայում, Հայաստանի ու Ղարաբաղի միջև միջանցք և տարանցիկ ճանապարհներ.

«Հարցի կարգավորումը հնարավոր է ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքերի հիման վրա: Առաջին հայացքից սա կարող է հակասող թվալ, բայց կողմերը կարողացել են բանաձև գտնել, որն արտահայտված է 2007թ. ընդունված և վերջերս նորացված Մադրիդյան սկզբունքներում: Ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո պետք է հանրաքվե տեղի ունենա՝ ԽՍՀՄ վերջին մարդահամարի համաձայն, ըստ որի՝ բնակչության 65%-ը հայեր են, 22%-ն ադրբեջանցիներ: Հանրաքվեի անցկացման ժամկետը պետք է ճշտեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները»։

Իսկ թե խաղաղապահները ո՞ր երկրների ներկայացուցիչներ պետք է լինեն, Մ. Բրայզայի խոսքերով, պետք է  որոշեն Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ եթե չեն ցանկանա որևէ մի երկրի խաղաղապահներին տեսնել տարածաշրջանում, ապա վետոյի իրավունք ունեն։

Նաև, նրա խոսքերով, եթե Հայաստանը ճանաչի ԼՂ-ի անկախությանը, ապա վերջ կդնի խաղաղ կարգավորման հնարավորությանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ՄԽ ամերիկացի համանախագահը նշել է, որ ԱՄՆ-ն որևէ ճնշում չի գործադրում կողմերի վրա, այլ պարզապես նրա նպատակը հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է: Ինչ վերաբերում է ԼՂ-ի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կապին, ապա Մ. Բրայզան ընդգծել է, որ դրանք տարբեր գործընթացներ են, ուղղակի մեկի դրական տեղաշարժը կարող է օգնել մյուսի դրական տեղաշարժին:

Ի դեպ, Մ. Բրայզան նաև նշել է, որ որպես ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական ավարտում է իր պաշտոնավարումը, սակայն առայժմ կշարունակի պաշտոնավարել ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ սեպտեմբերին ևս մեկ տարածաշրջանային այց կատարելով:

Այս խորագրի վերջին նյութերը