Կարծիք

16.02.2014 15:50


Հայաստանի վերջին բոլշևիկը

Հայաստանի վերջին բոլշևիկը

Փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ԵԿՄ համագումարը, որի ընթացքում ԵԿՄ վերընտրված նախագահ Մանվել Գրիգորյանը (ով խոստացավ 30 տարի ևս վերընտրվել) Սերժ Սարգսյանին հուշանվեր հանձնեց՝ ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»:

Ճակատագրի հեգնանքն է, որ Գարեգին Նժդեհի գաղափարախոսությունը կրող (գոնե ֆորմալ առումով) կուսակցության ղեկավարին վերջին բոլշևիկ է անվանում իր թիմակիցը: Երևի Մանվել Գրիգորյանը նաև տեղյակ է, թե Նժդեհը ինչպես էր վերաբերվում բոլշևիկներին Որոտանի կիրճում:

Մանվել Գրիգորյանի խոսքերը իրականությունից հեռու չեն: 2008 թվականից վարվող քաղաքականությունը շատ նման է բոլշևիզմի ոճին: Սերժ Սարգսյանն իր առաջ նպատակ է դրել կուլակաթափության միջոցով մոնոպոլիզացնել ամբողջ քաղաքական ու տնտեսական դաշտը: Նա ամեն ինչ կատարել է, որպեսզի տոտալ վերահսկողություն հաստատի երկրում գտնվող ֆինանսական միջոցների նկատմամբ: Քաղաքական այդ կուրսի պատճառով Հայաստանում տնտեսությունը անկում է ունեցել և կանգնել շատ ծանր փաստի առաջ:

Օրինակ՝ վերջին 5 տարվա ընթացքում ներդրումների ծավալը զգալիորեն նվազել է: Եթե 2008թ. ներդրումները կազմել են ՀՆԱ-ի մոտ 41%-ը, ապա 2013թ. այն նվազել է մինչև 21%: Պետք է հաշվի առնել, որ 2008 թվականին ավելի մեծ է եղել նաև ՀՆԱ-ը: Ներդրումների նման անկումը մեծ վտանգ է ներկայացնում տնտեսության համար:

Տնտեսության ծանր վիճակը բոլշևիկյան քաղաքական կուրսի հետևանք է: Հայաստանի վերջին բոլշևիկը հասկացել է, որ անհնար է այնպես անել, որ բոլորը հավասարապես հարուստ լինեն, այդ իսկ պատճառով ամեն ինչ արել է, որ բնակչության մեծ մասը հավասարապես աղքատ լինի: Եթե քաղաքական ռեսուրս լիներ, ապա վերջին բոլշևիկը նաև ամբողջական կուլակաթափություն կկազմակերպեր, ինչը, սակայն, տարբեր պատճառներով դեռ չի կարողացել: Տնտեսական ռեսուրսների բաշխվածությունը թույլ չի տվել Հայաստանի վերջին բոլշևիկին իրականություն դարձնել իր քաղաքական պլանը:

Համաշխարհային պատմության ընթացքում բոլշևիկները որոշակի հաջողություններ ունեցել են, բայց երկարաժամկետ կործանվել են: Ռուսաստանի բոլշևիկներ Վլադիմիր Լենինը ու Ալեքսանդր Բոգդանովը ունեցել են մեծ հանրային աջակցություն, այդ իսկ պատճառով «երկար» կյանք են ունեցել: Ի տարբերություն նրանց՝ Սերժ Սարգսյանը հանրային աջակցություն չունի և դա խոսում է այն մասին, որ նա երկար քաղաքական կյանք չի ունենա: Երևի այս ամենը հասկացել է նաև Մանվել Գրիգորյանը և նրան անվանել է «վերջին բոլշևիկ»:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը