Կարծիք

20.02.2014 12:04


Քաղաքագիտական տեսանկյունից պահանջ է առաջանում փոխել իրենց պարտականությունները չկատարող իշխանություններին

Քաղաքագիտական տեսանկյունից պահանջ է առաջանում փոխել իրենց պարտականությունները չկատարող իշխանություններին

20-րդ դարի երկրորդ կեսին ամերիկյան քաղաքագետներ Իսթոնի, Ալմոնդի և Դոյչի կողմից մշակվել են քաղաքական համակարգերի տեսություններ: Չխորանալով այդ մոդելների առավելությունների և թերությունների, ինչպես նաև առանձնահատկությունների մեջ՝ նշենք, որ, ըստ հեղինակների, ընդհանուր առմամբ, քաղաքական համակարգը հիշեցնում է «մուտք-«ներքին քաղաքական խոհանոց»-ելք-հետադարձ կապ» մի կառույց:

«Մուտք»-ի փուլի ժամանակ տեղի է ունենում հասարակության պահանջների, պահանջարկների և սպասումների մասին տեղեկությունների ներթափանցում քաղաքական համակարգի ներքին դաշտ, որտեղ տեղի է ունենում այդ տեղեկությունների ձևակերպումն ու ագրեգացումը, ինչից հետո կայացվում են քաղաքական որոշումներ, և «ելք»-ի փուլում այդ որոշումները դուրս են գալիս արտաքին դաշտ՝ օրենքների և քաղաքական որոշումների տեսքով:

Եվ չնայած այն հանգամանքին, որ երեք հեղինակներն այդ գործընթացներում մի շարք տարբեր առանձնահատկությունների և ազդեցությունների վրա էին ուշադրություն դարձնում, ընդհանուր առմամբ, թե՛ Իսթոնը, թե՛ Ալմոնդը և թե՛ Դոյչը նշում են, որ քաղաքական համակարգը կայուն է և աշխատունակ միայն այն ժամանակ, երբ ապահովվում է հետադարձ կապ հասարակության և իշխանությունների միջև, այսինքն՝ երբ իշխանությունը, պարզ ասած, տեսնում է հասարակության պահանջները, և կարողանում է ադեկվատ գնահատականներ տալ ու որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այդ պահանջարկներն ու սպասումները:
Եվ պատմությունը ցույց է տվել, որ այդ տեսություններն աշխատում են, և արտացոլում են իրական գործընթացների պատկերը:

Իսկ երբ երկրի նախագահը կանգնում և հայտարարում է, որ թեև քաղաքացիների 80 տոկոսը դեմ է «պարտադիր կուտակայինի» մասին օրենքին, այնուամենայնիվ, այդ օրենքը կիրառվելու է, ֆինանսների նախարարն էլ հայտարարում է, որ եթե նույնիսկ 100 տոկոսը դեմ լիներ, այդ օրենքն աշխատելու է, և այս ամենն այն պայմաններում, երբ երկրում աղքատության մակարդակը մոտ 40 տոկոս է, հարկային համակարգը «թալանում է» մարդկանց, երկրում սարսափելի գնաճ է նկատվում և այլն, ապա անզեն աչքով էլ երևում է, որ մեր քաղաքական համակարգն այլևս չի աշխատում, քանի որ իշխանություններն ունակ չեն լսել և ադեկվատ արձագանքել հասարակության սպասումներին և պահանջներին:

Իսկ քանի որ հասարակությունը և պետությունը չի կարող լիարժեք ապրել և զարգանալ առանց աշխատող քաղաքական համակարգի, ներկա քաղաքական համակարգն էլ, ի դեմս իշխանությունների, այլևս չի կատարում իր պարտականությունները, ապա նույնիսկ քաղաքագիտական տեսանկյունից պահանջ է առաջանում փոխել իրենց պարտականությունները չկատարող իշխանություններին և համակարգը, որպեսզի հասարակությունը և երկիրը հնարավորություն ստանան լիարժեք գործել ու զարգանալ:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը