Կարծիք

20.02.2014 14:19


Մարտի 1–ի թիվ մեկ մեղավորը Սերժ Սարգսյանն է

Մարտի 1–ի թիվ մեկ մեղավորը Սերժ Սարգսյանն է

Մոտենում է մարտի մեկը, և միանգամայն բնական է, որ մարդիկ արդարացիորեն հարցեր են բարձրացնելու, թե 2008-ին ովքե՞ր էին մեղավոր կատարվածի համար, և ինչո՞ւ մինչև հիմա պատժված չեն նրանք: Բայց որ մեղավորների փնտրտուքի ժամանակ իշխանական որոշ «երիտասարդ ու խոստումնալից» ներկայացուցիչներ գործող նախագահին ծառայություն մատուցելու և մեղքը Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու կուրսը համառորեն կշարունակեն, դա ուղղակի համարում եմ խիստ անհեռանկար գործ, և զարմանում, որ մինչ օրս ավելի փորձառու գործիչները նրանց կարգի չեն հրավիրում դրա համար: Այս թեմայով կուզենայի հիշեցնել դեռ տարիներ առաջ այս մասին արված դիտարկումս:


ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «Հրապարակ», 25.12.08, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ Է ՍՊԱՍՈՒՄ

«Հնարավո՞ր է պատկերացնել, որ գնացող նախագահ Քոչարյանի հրահանգով ուժային կառույցները մարտի 1-ին կրակ կբացեին ժողովրդի վրա ու իրենց գործողությունները չէին ճշտի նորընտիր նախագահ Սարգսյանի հետ: Ինչո՞ւ պետք է արյան գնով պահեին Սերժ Սարգսյանի իշխանությունը, եթե վերջինս չէր երաշխավորելու նրանց անձեռնմխելիությունը, եթե չասենք ավելին: Հիշենք, թե 2003թ. հետընտրական լարված զարգացումների ժամանակ դեռեւս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ինչպես էր ահաբեկում ժողովրդին, որ եթե փորձեն ոտնձգություն անել գերագույն գլխավոր հրամանատար Քոչարյանի նկատմամբ, ինքը բանակը կհանի նրանց դեմ եւ միանշանակորեն կպաշտպանի գլխավոր հրամանատարին: Այսինքն, Սարգսյանը պատրաստ էր արյան գնով Քոչարյանի աթոռը պահել, իսկ հիմա սեփական աթոռի պահպանման համար խուսափելո՞ւ էր ուժ կիրառելուց»:

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «168 Ժամ», 23-24.11.10, ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ՊԵՏՔ

«-Մարտի 1-ի դեպքերի հետ կապված` ընդդիմությունն ում մեղադրեց, հետագայում Ս.Սարգսյանը նրանց բոլորին էլ առաջ քաշեց. է՛լ կոչումները բարձրացրեց, է՛լ դրամական խրախուսանքի արժանացրեց, է՛լ մեդալներ շնորհեց: Կարելի է կարծել, որ ընդդիմությունը ոչ թե Մարտի 1-ի պատասխանատուների անուններն էր հրապարակել, այլ Նախագահին էր ներկայացրել նրան հավատարմորեն ծառայածների «արժանիքները», որպեսզի նա հավուր պատշաճի գնահատեր նրանց:
-Պաշտոնանկ արվեց միայն ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
-Այո՛, Հայկ Հարությունյանը, ով ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետն է, բայց դա ընդամենը գործից անտեղյակների տեսանկյունից է պաշտոնի իջեցում: Մի՞թե տարբեր պաշտոնների աշխատած ու մեծ հաջողությունների հասած, արտերկրում բնակվող հայը, երբ ցանկանում է կյանքի վերջին տարիներին Հայաստանում ապրել ու անգամ ամենահամեստ աշխատանքը կատարել, միայն թե առավոտյան արթնանա ու Մասիսը տեսնի, կարելի է ասել, որ նա պաշտոնի իջեցում է ունեցել: Նմանապես Հայկ Հարությունյանի համար կալանավայրը` որպես աշխատավայր, բերածս օրինակի չափ հոգեհարազատ է»:

Հարցին դժվար չէ տալ նաև իրավական գնահատական, հղում կատարելով Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրին, որի կետ 5-ով՝ «ՀՀ կառավարությանը հանձնարարվել է` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ հրամանագրի իրականացումն ապահովելու ուղղությամբ»: Դժվար չէ հիշել, որ այդ ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր:

Իսկ եթե ուզում ենք փաստացի վիճակի մասին մեր ունեցած տեղեկատվությունից եզրակացություն անել, ապա գաղտնիք չէ, որ կառավարությունում գործող շտաբը Սերժ Սարգսյանն անձամբ էր ղեկավարում՝ տալիս ցուցումներ ու հանձնարարականներ:
Այնպես որ 2008-ի մարտի 1-ի համար, եթե պատասխանատու ենք որոնում, ապա դա բոլորս ենք, գուցե նախկին նախագահների անհատական պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քան մեր՝ հասարակ մահկանացուներինս, իսկ այղ դեպքերի թիվ մեկ մեղավորը Սերժ Սարգսյանն է, և ես չեմ կարող ասել, թե ինչու մինչ օրս Ռոբերտ Քոչարյանն այս առումով որևէ պարզաբանում չի տվել, երբ տեսնում է, թե ինչպես է նախագահն իր թիմակիցների միջոցով մեղքը բարդում իր վրա: Կարելի է ենթադրել, որ Քոչարյանը դա կանի, երբ արդեն վերջնական որոշում կայացնի՝ վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Չի բացառվում, որ առայժմ Քոչարյանը դա չի անում, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի սխալներ թույլ տալ նաև իրենց միջանձնային հարաբերություններում: Քանի որ Քոչարյանի համար Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյան չէ: Նախագահի հետ պաշտոնաթող նախագահն անհամեմատ ավելի լուրջ թելերով է կապված, ուստի մի հակադարձումով հարցը չես լուծի: Այնպես որ, երբ իրականության զգացողությունը կորցրած մեր նախագահը շարունակում է բավարար չափով սխալներ թույլ տալ ու «խաղի կանոններ» խախտել, դրա պատասխանը հազիվ թե շատ ուշանա:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը