Լրահոս

24.02.2014 12:06


Նինա Մարգարյան. «...անգամ փոքր կայծն էլ հերիք է»

Նինա Մարգարյան. «...անգամ փոքր կայծն էլ հերիք է»

Վերջին հարցազրույցներից մեկում Ուկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչը հետևյալ հայտարարություն է արել. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. ես օրենքով ընտրված նախագահ եմ: Ինձ անվտանգության երաշխիքներ են տվել բոլոր միջազգային միջնորդները, ում հետ ես աշխատել եմ: Դե տեսնեմ, թե ինչպես են նրանք ստանձնելու այդ դերը»:
Իսկ ավելի վաղ Յանուկովիչը մեղադրել էր Եվրոպային նրա համար, որ իրեն մենակ է թողել Ռուսաստանի հետ դեմառդեմ:
Եվ այս երկու հայտարարություններն ուշագրավ են այն առումով, որ այսօրվա դեպքերն Ուկրաինայում հերթական անգամ ապացուցում են, որ երկրի ղեկավարներն առաջին հերթին պետք է հույսը դնեն ոչ թե միջազգային տարբեր կառույցների կամ պետությունների վրա, որոնք, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ընդամենը օգտագործում են այս կամ այն իրավիճակը սեփական նպատակներին հասնելու և սեփական շահն ապահովելու համար, այլ ընտրվելուց և հետագա աշխատանքում պետք է գործեն` հաշվի առնելով հասարակության պահանջները և սպասումները, որպեսզի ամեն մի, թեկուզ և դրսի ազդեցության կայծ չբերի նրան, ինչն այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, քանի որ եթե հասարակության մեծ մասը գոհ է իր իշխանություններից, ապա շատ դժվար է դրդել մարդկանց իշխանափոխության, իսկ եթե հասարակության մեծ մասը դժգոհ է իրավիճակից, հասարակական լարվածության աստիճանն էլ բարձր է, ապա անգամ փոքր կայծն էլ հերիք է, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:
Այդ իսկ պատճառով բոլոր ղեկավարները պետք է իրենց գործունեության մեջ առաջնորդվեն ոչ թե արտաքին, այլ ներքին լեգիտիմությամբ, և հիշեն, որ այդ լեգիտիմության վրա պետք է աշխատել պաշտոնավարելու ամբողջ ժամկետի ընթացքում, այլ ոչ թե ընտրվելուց հետո թքել ժողովրդի պահանջների, պահանջարկների, պետության բարեկեցության վրա, բացահայտ հայտարարել, թե՝ «հնարավոր է, բայց ոչ», կամ «մենք գիտենք, որ 80 տոկոսը դեմ է, բայց մեկ է՝ անելու ենք», և մտածել միայն այն մասին՝ ինչպես լցնել սեփական և ընտանիքի անդամների գրպանները: Հակառակ դեպքում իշխանափոխությունն անխուսափելի է, և, ցավոք, այն կարող է շատ դաժան դրսևորումներ ստանալ:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը