Քաղաքական

25.02.2014 11:05


Նաիրա Զոհրաբյան. «Չորս քաղաքական ուժերի արդյունավետ աշխատանքը հենց լայն կոնսոլիդացիայի առաջին արդյունքներից մեկն է»

Նաիրա Զոհրաբյան. «Չորս քաղաքական ուժերի արդյունավետ աշխատանքը հենց լայն կոնսոլիդացիայի առաջին արդյունքներից մեկն է»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 7–րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած շեշտադրումներից հետո իշխանության կողմից ԲՀԿ–ի հանդեպ սկսել են շատ ավելի ակտիվ քայլեր ձեռնարկվել։ Այս մասին «7օր»–ի հետ հարցազրույցում ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Խոսքը, մասնավորապես, Արարատի ցեմենտի գործարանի ջուրը կտրելու և ադրբեջանցիներին տալու մասին է։ Նաիրա Զոհրաբյանը կատարվածը բացարձակապես անընդունելի է համարում։

–Եթե դու չունես լուրջ հակափաստարկ՝ քո ընդդիմախոսի հետ բանավիճելու, և բանավիճելու քաղաքակա՛ն հարթության մեջ, եթե դու գիտես, որ քո հակափաստարկները շատ թույլ են, ի սկզբանե պարտված են, ապա ընտրում ես ճնշումների ճանապարհը։ Այո՛, այն, ինչ տեղի է ունենում Արարատի ցեմենտի գործարանի հետ (առանց որևէ հիմնավորման կտրել ջրի հունը, թույլ չտալ, որ աշխատի գործարանը, 1600 ընտանիքի զրկել եկամտի հնարավորությունից և չտալ որևէ կապակցված պատճառաբանություն), այլ կերպ, քան ճնշում որակել, հնարավոր չէ։ Ես նույնիսկ խղճացի այնտեղ գտնվող ոստիկաններին և բնապահպաններին, ովքեր չէին կարողանում կապակցված նախադասություն արտաբերել, թե ինչու են կատարում այդ հրահանգը, և ով է իրենց հրահանգել,–ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

Ն. Զոհրաբյանը վստահ է՝ եթե նրանք ունենային լուրջ հիմնավորում, ապա չէին փախչի տեսախցիկից և մանկական տարբեր պատճառաբանություններ չէին բռնի, թե գլխացավ ունեն ու չեն կարող խոսել.

–Սա առնվազն ծիծաղելի է։ Այնպես որ, խորհուրդ էդ կարգի մարդկանց էնտեղ ուղարկողներին՝ լիկբեզ անցկացրեք ձեր կամակատարների հետ, որպեսզի կարողանան գոնե կապակցված մտքեր շարադրել։ Բոլորի համար հասկանալի պիտի լինի, որ ո՛չ սա, ո՛չ էլ այս կարգի որևէ ճնշում չի կասեցրել և չի կասեցնելու ԲՀԿ–ին իր քաղաքական գործունեությունն իրականացնելիս, իր առջև դրված խնդիրները լուծելիս։ Այնպես որ, իզուր էներգիա են վատնում, իզուր ռեսուրս են ծախսում, իզուր հերթական անգամ իրենք իրենց վարկաբեկում են նման էժանագին քայլերով։

Ն. Զոհրաբյանի խոսքերով՝ եթե դիմացինը չունի լուրջ հակափաստարկ իր քաղաքական օպոնենտի հետ բաց ճակատով քաղաքակա՛ն հարթակում բանավիճելու համար, ապա նա մտնում է ստվեր և սկսում թիկունքից նետահարել։

–Դա թույլի՛ն բնորոշ գործելաոճ է։ Ի դեպ, ինձ միշտ հետաքրքրել է, թե ովքեր են իշխանության PR խորհրդատուները, որովհետև երբեմն այնպիսի պարզունակ քայլեր և հայտարարություններ են արվում, որ շատ մեծ ինտելեկտ պետք չէ հասկանալու համար՝ դրանք հարվածում են առաջին հերթին իշխանությանը։ Այնպես որ, խորհուրդ իշխանություններին՝ փոխե՛ք ձեր խորհրդատուներին. կա՛մ ձեր խորհրդատուներն իրապես պրոֆեսիոնալ չեն, կա՛մ նրանք ուղղակիորեն ձեր դեմ են աշխատում։ Մտածե՛ք այդ մասին,–ավելացրել է Ն. Զոհրաբյանը։

«7օր»–ը նրանից հետաքրքրվել է նաև, թե ԲՀԿ 7–րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության հայտարարությունից հետո ի՞նչ գործնական արձագանքներ են եղել։

–Այն, որ մենք 4 քաղաքական ուժերով շատ համակարգված, շատ արդյունավետ աշխատում ենք, դա հենց կոնսոլիդացիայի առաջին արդյունքներից մեկն է, և ես վստահ եմ, որ այդ շրջանակն անպայմանորեն մեծանալու է, որովհետև դրան այլընտրանք ուղղակի չկա՛,–ընդգծել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը