Կարծիք

27.02.2014 13:45


Հասարակությանը ոչինչ չի մնում անելու, քան դուրս գալ փողոց ու հաղթել իրականում

Հասարակությանը ոչինչ չի մնում անելու, քան դուրս գալ փողոց ու հաղթել իրականում

Հասարակության բերանը ամեն գնով փակելու գնով աթոռից կառչած մնալը մեր իշխանությունների համար դարձել է գործելաոճ: Բավական է՝ մեկը համարձակվի նրանց հասցեին մի թթու խոսք ասել, պատրաստ են հարձակվել ու բզիկ-բզիկ անել նրան: Տևական ժամանակ իշխանական վերնախավի ու նրանց հետ սերտաճած քրեաօլիգարխիկ համույթի թիկնապահները պարզապես զզվեցրել էին բոլորին՝ իրենց առատությամբ ու ագրեսիվությամբ, որոնք պատեհ-անպատեհ առիթներով, բառիս բուն իմաստով ու իրենց պատկերացմամբ, մեր քաղաքացիներին «կարգի» էին հրավիրում: Կարծես փորձեցին օրենսդրորեն կարգավորել այս հարցը, բայց մի՞թե դրանից ինչ-որ բան փոխվեց: Թիկնապահների կրճատված բանակի «սուրբ տեղը» համալրեցին բուհերի ուսխորհուրդների իշխանական «հարվածային ջոկատայինները», իսկ համացանցում էլ պալատական քաղտեխնոլոգների մեղքով մի իսկական խայտառակություն է տիրում: Հազարավոր իշխանական ֆեյսբուքյան ակտիվիստներ գնում են աշխատանքի, փող ստանում պետությունից, իսկ ավելի ճիշտ մեր՝ հարկատուներիս գրպանից, և աշխատում համացանցի կեղծ պրոֆիլ: Ու առանձնապես կարևոր չէ, թե ինչ հաստիքի վրա են ձևակերպված: Պատկերացրեք, թե ինչ ատելություն է առաջանում տվյալ հիմնարկի չարքաշ աշխատանքով օրվա հացը մի կերպ վաստակող աշխատակիցների մոտ, երբ տեսնում են, որ համացանցում այս կամ այն բողոքին «իշխանավայել» հակադարձելու համար իրենցից շատ գումար են ստանում, անգամ իրենց հասանելիք պարգևավճարներից օգտվում ու ղեկավարության մոտ էլ արտոնյալ դասի ներկայացուցիչ համարվում: Ապշում ես, երբ «բարձր» պետական հիմնարկների լուրջ կաբինետների ներսում նստած, փոխանակ իրենց ուղղակի պարտականություններով զբաղվեն, ժողովրդի հոգսերը թեթևացնեն, ընդհակառակը՝ նույն այդ ժողովրդի ներկայացուցիչներին ժամերով սպասեցնում են իրենց դռների առաջ, ներսում խիստ զբաղված ձևանում ու իրենց աշխատաոճից բողոքող քաղացիներին համացանցում հակադարձում: Այո, մոռանալով, որ եթե բարեխղճորեն իրենց գործն անեին, ուղղակի բողոքողների քանակն էլ կպակասեր ու ամենևին կարիք չէր լինի ձրիակերների մի հոծ բանակ պահել՝ մարդկանց «սաստելու» համար:

Ժամանակին, ԱՄՆ-ում կառավարության նիստի ժամանակ զեկուցողն իր վրդովմունքն էր հայտնել, թե գնալով գործերներս դժվարանում է՝ «այսքան» հնդկացի սպանելու համար, «այսքան» գումար ենք ծախսել, այսպես որ գնա ո՞ւր կհասնի: Մարկ Տվենը տեղից բացականչել է, թե տեր Աստված, այդքան գումարով կարելի էր դրանց բարձրագույն կրթություն տալ: Այո, հարգելիներս, կարելի էր իրենց պատկերացմամբ բռիներին կրթել ու այլևս սպանելու կարիք չէր լինի: Իսկ մեր պարագայում, դժգոհների դեմ պայքարելու փոխարեն, բավական է միայն, որպեսզի մեր իշխանություններն իրենց ռեսուրսները ծախսեն դժգոհությունների պատճառները վերացնելու վրա, և ամեն ինչ կկարգավորվի:
Երբ համացանցն այսպիսի լայն տարածում չուներ, տեսել ենք չէ՞, թե ինչպես էին իշխանությունները հետևողականորեն իրենց հսկողության տակ վերցնում հեռուստաալիքները, իսկ անցանկալիներն էլ փակում, ինչպես էին ճնշում գործադրում տպագիր մամուլի վրա ու փորձում դրանցից շատերին կառավարելի դարձնել: Իսկ, երբ պարզ դարձավ, որ համաշխարհային սարդոստայնի առաջն առնել անզոր են, արաբական համացանցային հեղափոխություններից լեղաճաք եղած, հիմա էլ այնպես են «կանոնակարգել» համացանցը, որ շատ շուտով այդ տարածքը կդառնա պարզապես գեղամեջ: Ինչ է չգիտե՞նք, թե ինչ պրիոմներով ու ինչ ֆանտաստիկ ռեսուրսներ ծախսելով են հասնում այդ նպատակին, ժողովրդի հաշվին ու ժողովրդի դեմ պայքարելով:

Իսկ հիմա վիճակն այն աստիճան անտանելի է դարձել, որ արդեն իշխանության ներկայացուցիչներն են ցանկանում փոխել այն, ուղղակի, ինչպես հատուկ է իրենց, դրանում ոչ թե սեփական մեղքը տեսնելով ու շտկելով, այլ՝ ուրիշներին հանդիմանելով: Հարգելի իշխանավորներ, սրտնեղվելու փոխարեն, պարզապես մի օր հանձնարարեք ձեր կեղծ պրոֆիլներին՝ դուրս գալ համացանցից, կտեսնեք, թե ինչպես է զուլալվելու մթնոլորտն ու վերանալու գաղջը: Չէ՞ որ ազդեցությունն է ծնում հակազդեցություն, իսկ դրա պատասխանատուն առաջին հերթին իշխանություններն են, քանզի ազդեցության լծակները հիմնականում նրանց ձեռքում են, և իրենք են ի չարս օգտագործում դրանք:

Զօրուգիշեր ընդդիմադիր լիդերներն ու քաղաքացիական ակտիվիստները հորդորում են մեր հասարակությանը, որ վիրտուալ պայքար մղելուց օգուտ չկա, որ հարկավոր է դուրս գալ փողոց՝ միանալ պայքարին, բայց դա կարծես այդքան էլ լավ չի ստացվում, և ոչ բոլորն են հետևում այդ հորդորներին: Իսկ ահա, այսպես ասած՝ նոր ուսում առածները, միջազգային հարուստ գիտելիքներով ու փորձով, բայց իրականում իշխանության «բութ» գործիքի իրենց էությամբ, անգամ համացանցային տիրույթից են մարդկանց դուրս մղում, որ այս տարածքն էլ չեն ցանկանում զիջել՝ որպես ազատ հարթակ:

Այս պարագայում մնում է ասել, որ դուք հաղթում եք վիրտուալ տարածքում, իսկ հասարակությանը ոչինչ չի մնում անելու, քան դուրս գալ փողոց ու հաղթել իրականում:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը