Կարծիք

04.03.2014 13:25


ԻՆՉՈ՞Ւ Է ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՔԱՅԼԵՐՆ ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ԻՆԱԴՈՒ»

ԻՆՉՈ՞Ւ Է ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՔԱՅԼԵՐՆ ԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ԻՆԱԴՈՒ»

Երբ Սերժ Սարգսյանը պնդում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն օգտակար է հասարակության համար ու անպայման պետք է ներդրվի, անկախ նրանից, որ հասարակության 80 տոկոսը դեմ է դրան, չգիտես ինչու զարմանում է, որ արժանանում է ոչ իշխանական ուժերի, հասարակական շարժման ակտիվիստների քննադատություններին, նաև զայրանում, թե ինչո՞ւ իրեն չեն հավատում: Փորձենք հասկանալ, թե այդ հավատի ձեռքբ բերման ու հասարակության վստահությանն արժանանալու համար ի՞նչ է անում Ս.Սարգսյանը, որ չհասկացվածության համար էլ ամեն առիթով փնթփնթում է մեզ վրա:

Բերեմ մի «ապաքաղաքական» օրինակ։ Իր պաշտոնավարման ընթացքում Ս.Սարգսյանը 6 անգամ է մասնակցել գրքի շնորհանդեսի, որից 4-ը՝ Արտաշես Գեղամյանի: Հիմա ուզում եմ նա հանձնարարի, որպեսզի անանուն, գաղտնի հարցում անցկացնեն ոչ թե հասարակության շրջանում, այլ՝ նախագահական նստավայրում, կառավարությունում և Հանրապետական կուսակցությունում, որից հետո ամփոփեն տվյալները, որպեսզի համոզվի, որ ոչ թե 80, այլ գրեթե 100 տոկոսով բացասական կգնահատեն այդ քայլը հենց իր համախոհները: Առաջին հերթին նրա համար, որ չի կարելի նախագահի պաշտոնի նշաձողն այդքան իջեցնել, և իշխող կուսակցության ցուցակի մեջ ընդգրկված նախկինում ընդդիմախոս, իսկ ներկայումս՝ գաղափարակից ընկեր պատգամավորի գրքի շնորհանդեսին մասնակցել այդքան անգամ:
Երկրորդ, որ հարկավոր է հաշվի առնել հասարակության խիստ բացասական վերաբերմունքն Արտաշես Գեղամյանի նկատմամբ: Եվ, վերջապես, չեն գնում մի գործչի գրքի շնոհանդեսին, երբ նրան տարիներ առաջ դատարկ դոլ են որակել ու հրապարակավ հայտարարել, որ նրան տասնապատիկ էժանով է գնել: Սա ի՞նչ է, եթե ոչ ապտակ հասարակությանը, որ եթե ուզում եք լավ ապրել՝ հետևեք Արտաշես Մամիկոնիչի օրինակին, քանզի երկրի բարիքները միայն նրա նմանների համար են:
Լավ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր ցանկացած քայլն անում մեր հասարակության «ինադու», ո՞րն է մեր մեղքը: Իրենը գիտենք՝ բազմաթիվ են, բայց մերը կասի՞: Հիմա ինչպե՞ս ողջունենք նրա նախաձեռնությունները, ինչպե՞ս հավատանք նրա քայլերի ճշմարտացիությանը, երբ այս պարզ հարցում տեսնում ենք նրա վերաբերմունքը հասարակական կարծիքի հանդեպ: Բա որտե՞ղ մնաց Սարգսյանի այն միտքը, որ ինքը նաև իրեն ձայն չտվածների նախագահն են: Ո՛չ, պարոն Սարգսյան, դուք ամեն օր ապացուցում եք, որ արտաշեսգեղամյանների նախագահն եք միայն:
Դանթե Ալիգիերին, եթե շուրջ 700-ամյա բացակայությունից հետո վերադառնար այս աշխարհ ու անդրշիրիմյան կյանքի մասին իր մտորումները թղթին հանձներ, բնական է լրջորեն կվերաշարադրեր իր «Աստվածային կատակերգությունը», քանի որ այն գրել է կենդանության օրոք: Իսկ, հայտնվելով անդրշիրիմյան աշխարհում, սեփական աչքով տեսնելով ինչն-ինչոց է, արդեն դժոխքի, քավարանի ու դրախտի մասին ավելի շատ նյութ հավաքելով՝ կարող էր առանձին գրքերով ներկայացնել յուրաքանչյուրը: Այդ դեպքում միանգամայն բնական է, որ իր առաջին գրքի շնորհանդեսին մասնակցելու համար դիմեր Ս.Սարգսյանին՝ որպես գործի գիտակի, մի մարդու, ով մեր այս դրախտային երկրը մի քանի տարում դժոխքի վերածեց, այն դեպքում, երբ այդ խնդրի լուծման վրա այն աշխարհում հազարամյակներով տանջվում են:
Հասկանում եմ, որ Հայաստանում կայացած գրքի շնորհանդեսն իր նեկայությամբ պարտադիր պետք է պատվեր Սերժ Սարգսյանը: Բայց հետագա գրքերի համար կմերժեր Դանթեի խնդրանքը, նշելով, որ. «Քո այդ քավարանով ու դրախտով, եկել ես այստեղ որ ի՞նչ անես: Դժոխքը հասկացանք, բայց մյուսների հետ ես ի՞նչ կապ ունեմ»:
Եվ վերջապես, աշխարհի երեսին չկա մի կենդանի գրող, կամ էլ հարություն առած մեկը, որ ակնկալի արժանանալ մեր երկրի նախագահի բազմապատիկ ներկայությանը նրա գրքի շնորհանդեսին, իսկ քայլող «օղորմածիկ» քաղաքական գործիչների համար հավանաբար բացառություններ կարող են արվել:
Հիմա կարիք կա՞ պատասխանել Ս.Սարգսյանի հռետորական հարցին, թե ինչո՞ւ իրեն խոսքերին չեն հավատում, թե՞ ինքն էլ գիտի:

Էդվարդ Անտինյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը