Լրահոս

07.03.2014 21:07


Էդվարդ Անտինյան. Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ իշխանությունների առաջ արդարանալ

Էդվարդ Անտինյան.  Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ իշխանությունների առաջ արդարանալ

«ՈՐ ԱՇԽԱՏԵՄ, ԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ Ո՞Վ Է ՊԱՀԵԼՈՒ»

Մոտ մի քսան տարի առաջ, երբ՝ պատերազմ էր, երկրաշարժի հետևանքով ավերված էր երկրի հյուսիսը, անկախացումից հետո, առավելապես օբյեկտիվ պատճառներով, պարալիզվել էր տնտեսությունը, իմ հայրենակից լոռեցի տղամարդուն, երբ հարցնում էին, թե աշխատո՞ւմ ես, զարմացած պատասխանում էր. «Ես որ աշխատեմ, իմ րեխեքին ով տի պահիլ»: Այո, դա էր դաժան իրականությունը, որ աշխատավարձով հնարավոր չէր երեխա պահել, իսկ շրջապատն էլ համարում էր, որ մարդն աշխատանք ունի ու այլևս չէր օգնում: Ստիպված ոմանք դուրս էին գալիս գործից, որպեսզի կարողանային գումար հայթայթել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ երկու տասնամյակ հետո դարձյալ կհայտնվենք մի այնպիսի վիճակում, որ մարդն աշխատի, բայց երեխաներին չկարողանա պահել: Անգամ արդեն անտեղի է դարձել այն հանդիմանությունը, որ եթե փող չունես՝ գնա աշխատիր, քանի որ պետությունն անգամ հանրային ծառայողներից շատ-շատերին տալիս է կենսապահովման նվազագույն շեմից շուրջ 2 անգամ պակաս գումար, և պարտավորեցնում, որ զուգահեռաբար այլ տեղ չաշխատի, կաշառք չվերցնի ու բիզնեսով չզբաղվի: Այսինքն, տալով սովամահությունից ու ցրտահարությունից փրկվեու համար անհրաժեշտ գումարից էլ պակաս, ինչպե՞ս ես ակնկալում, որ այդ երիտասարդը պետք է մտածի ընտանիք կազմելու, երեխա ունենալու մասին: Այսօր արդեն, շնորհիվ մեր իշխանությունների վարած «փայլուն» սոցիալ-տնտեսական քաղաքականության, ունենք աշխատող աղքատների մի ստվար բանակ, իսկ դրան զուգահեռ ոչ մի օր չի դադարում պետական բյուջեի գումարներն աննպատակ ցաքուցրիվ անելու իշխանավորների արատավոր պրակտիկան: Եվ բավական է քաղաքացին իր իրավունքների պաշտպանության պահանջով հանդես գա, ամիջապես պիտակավորում են նրան ու սկսում բազմակողմանի ճնշումները: Էլ չեմ խոսում այն մասին, որ ամենաամբարտավան պատասխանը, որ հնչում է իշխանավորների ու նրանց մանկլավիկների բերաններից, թե՝ այդ ո՞ր արժանիքիդ իրավունքով ես քննադատում:

Ոչ մի քաղաքացի պարտավոր չէ իշխանությունների առաջ արդարանալ, թե ինքն ունի բավարար արժանիքներ՝ իր պահանջներն առաջ քաշելու, կամ էլ՝ իշխանությանը քննադատելու համար: Ընդհակառակը, իշխանություններն են պարտավոր արդարանալ, թե ինչո՞ւ չեն կարողանում երկրում մարդավայել ապրելու և աշխատելու պայմաններ ստեղծել:

Լորենց Ֆոն Շտեյնը դեռ 1850թ.-ին է տվել սոցիալական պետության համապարփակ ձևակերպումը, իսկ այս տարիներին տեսեք, թե որքան է այն հղկվել ու բարելավվել, և սոցիալական քաղաքականության առումով ինչ առաջընթաց է արձանագրվել քաղաքակիրթ աշխարհում: Ու եթե անգամ բոլոր ձևակերպումները չթվարկենք, ապա բավական է նշել թեկուզ դրանցից մեկը՝ պետության սոցիալական պատասխանատվությունը՝ իր քաղաքացիների հանդեպ, ընդ որում՝ առաջինների շնորհիվ՝ վերջինների հանդեպ: Այո, սոցիալական պետությունը, ըստ էության, վերջինի պետությունն է, քանզի եթե երկրում կա թեկուզ մեկ հոգի, որի եկամուտը, կամ էլ պետության կողմից հատկացումները ցածր են կենսապահովման մինիմումից, ուրեմն նման երկիրը սոցիալական կոչվել չի կարող: Իսկ մենք հենց մեր սահմանարդության առաջին հոդվածով ենք ամրագրել, որ Հայաստանը սոցիակական պետություն է:

Հիմա պատկերացրեք, որ երջանկահիշատակ գերմանացի փիլիսոփան որոշեր մի օր գալ ու սեփական աչքերով տեսնել, թե իր երազած սոցիալական պետությունն ի՞նչ տեսք ունի, մասնավորապես՝ մեր երկրում, ու տեսներ, որ սոցիալական պետություն ասելով մենք հասկանում ենք այն, ինչ պայմաններում ապրում ենք, խեղճն ամոթից էլ չէր վերադաառնա այն աշխարհ: Հո չէ՞ր գնա իր տեսածը պատմեր ու հանգուցյալներին լեղաճաք աներ, ավելի շուտ կգնար ու իրեն Կիևյան կամրջից ցած կնետեր:
Եվ պետք չէ արդարանալ, թե մենք ընդամենը մի քանի տարվա երկիր ենք, ու չէինք կարող այս ընթացքում սոցիալական պետություն կառուցել, դա մեզ համար դեռ ինչ-որ տեղ ձգտում է՝ նպատակ: Եթե բարի նպատակներ ունեք, հարգելի իշխանավորներ, ապա կարող եք դրանք նշել հռչակագրում, կամ էլ սահմանադրության նախաբանում, բայց եթե որևէ դրույթ մտցրել եք սահմանադրության հոդվածի մեջ, ու այն էլ իմպերատիվ ձևով ամրագրել, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, այլ ոչ թե՝ ձգտում ենք որ լինի, ապա բարի եղեք կյանքի կոչել այն: Իսկ որպեսզի ըմբռնումով մոտենանք, գոնե պետք է տեսնենք այդ հետևողական աշխատանքը, որ ձգտում եք, ուղղակի դեռ չեք հասել: Փոխարենը՝ առայժմ միայն մեր երկրի այս հրեշավոր թալանն ենք տեսնում ու իշխանական վերնախավի այս հղփացած կեցվածքը:
Ուստի սթափվելու համար եկեք հիշեք, թե ինչո՞ւ դրեվլյանները սպանեցին իշխան Իգորին: Ոչ մի անձնական բան, ուղղակի էլ հարկ վճարելու հնարավորություն չունեին:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը