Կարծիք

21.03.2014 13:34


Վանիկ Էլիզբարյան

Վանիկ Էլիզբարյան

Ինչպես հայտնի է, օրեր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ակտիվիստներին երկխոսության կոչ արեց:

«Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը անընդունելի է ինչպես մեզ, այնպես էլ քաղաքացիական հասարակության պատասխանտու երիտասարդների համար»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ պատրաստ են քննարկումներ ծավալել, որովհետև օրենքները, ռեֆորմները չեն կարող լինել առանց թերությունների, որոնք մատնանշում են ընդդիմադիրները: Վարչապետի նշած թերությունները ավելի շատ հակապետական, հակաժողովրդական գործունեության տարրեր են, քան փոքրիկ բացթողումներ, որոնք կարող են շտկվել բանակցությունների արդյունքում: Տարված լինելով էժան փողերի մարմաջով՝ կառավարության ղեկավարը պարզապես փորձում է ժողովրդից կեղեքած գումարների հաշվին երկարաձգել սեփական անփառունակ իշխանությունը: Այս ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը հասցնելով ահռելի չափերի՝ նա այլևս դրանք սպասարկելու, հետևաբար իր իշխանավարությունը շարունակելու որևէ ռեսուրս չունի և փորձում է իր ձախողումները ծածկել մեր երկրի քաղաքացիների վերջին կոպեկները խլելու հաշվին: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ ներդրվում են այնպիսի երկրներում, որտեղ այդ գումարները սոցիալական ցնցումներ չեն առաջացնում, մինչդեռ Հայաստանում, որտեղ մարդկանց յուրաքանչյուր լուման հաշված է, սա լրացուցիչ, անհաղթահարելի բեռ է մարդկանց սոցիալական զամբյուղի համար:

Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ մարդիկ մի կտոր հացի հույսով պետք է հեռանան Հայաստանից: Բայց այս փաստը մեր կառավարությանը բացարձակ չի հետաքրքրում: Կարևորը գտել են փողի աղբյուր, որով շարունակելու են քարշ տալ իրենց անփառունակ գոյությունը: Տնտեսության զարգացումից մեծ-մեծ խոսող վարչապետը վերջին մահացու հարվածն է հասցնում այդ նույն տնտեսությանը:

Այս հարցը ունի մեկ լուծում՝ դա ժողովրդի վերջին կոպեկները խլող վարչապետի հրաժարականն է՝ իր նազիր-վեզիրներով հանդերձ…

Վանիկ Էլիզբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը