Քաղաքական

21.03.2014 23:17


Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ստեփան Դեմիրճյանի հետ (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ստեփան Դեմիրճյանի հետ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՀԺԿ վարչության քարտուղարներ Ֆելիքս Խաչատրյանն ու Ստեփան Մինասյանը: Կողմերը քննարկել են Հայաստանում տիրող վիճակն ու համոզմունք հայտնել, որ առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն համախմբվելու և ջանքերը մեկտեղելու ճանապարհով:

Ողջունելով հյուրերին` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում այս հանդիպումը:

«Դուք առաջիկայում պետք է ունենաք կարևոր դերակատարում մեր երկրի ու ժողովրդի համար: Այս ծանր պայմաններում դուք իրավունք չունեք լինել դիտորդ ու կողքից նայել: Կա՛մ մենք բոլորս կփոխենք մեր երկրի վիճակը, կա՛մ մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու», -դիմելով Ստեփան Դեմիրճյանին` նշել է Գագիկ Ծառուկյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ Հայաստանում կուտակված խնդիրներն այսօր բազմաթիվ են, որոնք լուծելու համար անհրաժեշտ են լուրջ և արմատական փոփոխություններ:
«Դա մեկ կուսակցության գործ չէ»,-շեշտել է Ստեփան Դեմիրճյանն ու հավելել, որ միայն համախմբվելով ու ջանքերը մեկտեղելով է հնարավոր հաղթահարել այս իրավիճակը:
«Ես բոլորին հավատացնում եմ՝ եթե մենք չվախենանք կուտակված խնդիրներից, ստեղծենք դրանց լուծման համար անհրաժեշտ պայմաններ ու երկրում հաստատվի արդար միջավայր, տարեցտարի մենք ունենալու ենք լրիվ ուրիշ Հայաստան, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ուզենալու, այլ ձգտելու են վերադառնալ. իմ և իմ թիմի ուզածը սա է»,-իր խոսքում ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:
ՀԺԿ նախագահը դրական և արդյունավետ է գնահատել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը:
Տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակական են լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը