Կարծիք

28.03.2014 10:25


Արեգ Գևորգյան

Արեգ Գևորգյան

Գիտեմ՝ շատ է խոսվել այս խնդրի վերաբերյալ, բայց այսօրվա ստեղծված իրավիճակում, կարծում եմ, տվյալ հարցին անդրադառնալը միայն կօգնի:
Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մեր իրականության մեջ չի դադարում բանավեճն այն մասին, թե որ պահից սկսած քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ձևակերպեն քաղաքական պահանջներ կամ, առհասարակ, պետք է քաղաքականացվե՞ն, թե ոչ:
Չունենալով սեփական փորձ՝ հայաստանյան քաղաքացիական շարժումները հաճախ առաջնորդվում են արևմտյան զարգացած երկրների փորձով, ինչը մեծ հաշվով շատ նորմալ երևույթ է, սակայն իր մեջ պարունակում է մի թաքնված վտանգ: Այստեղ առաջ են գալիս տեսականի և գործնականի տարբերությունները: Փորձելով նմանվել եվրոպական որևե երկրում հաջողության հասած որևե քաղաքացիական շարժման` հաճախ հաշվի չի առնվում մեկ կարևոր հանգամանք: Առաջին հերթին այն, որ նման երկրները գտնվում են ժողովրդավարության անհամեմատելի ավելի բարձր մակարդակի վրա, քան մենք, և այնտեղ ձևավորված քաղաքացիական շարժումների հաջողությունները մեծ մասամբ հենց այս կարևոր հանգամանքի հետևանք են: Սա չի նշանակում, սակայն, որ քիչ ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական երկրներում նման հաղթանակներն անհնար են: Ամենևին ոչ: Ուղղակի այդ հաղթանակներին հասնելու ճանապարները շատ հաճախ էապես տարբերվում են միմիանցից: Միևնույն ժամանակ նպատակին հասնելու ձևը թե՛ Հայաստանում, թե՛ օրինակ՝ Ֆրանսիայում նույնն է՝ ճնշում իշխանությունների վրա: Տարբերությունը առաջանում է ճնշման մեթոդների մեջ:
Իսկ ո՞րն է եվրոպական զարգացած երկրների իշխանությունների հիմնական վախը, որի վրա ազդելով կարելի է հասնել արդյունքների: Իհարկե, ինչպես և Հայաստանում, հենց իշխանությունը կորցնելու հեռանկարը: Սակայն ի տարբերություն Հայաստանի, օրինակ՝ Ֆրանսիայի իշխանությունները ավելի շատ վախենում են ոչ թե հենց հիմա հենց այս պահին իշխանությունը կորցնելուց, այլ 3,4 կամ 5 տարի հետո չվերընտրվելուց: Երբ նույն ֆրանսիայում առաջանում է սոցիալական որևե խնդիր, այդ խնդրով մտահոգված քաղաքացիները՝ արտահայտելով իրենց դժգոհությունը բացարձակ խնդիր չունեն քաղաքական պահանջներ դնելու կամ նախագահի և իշխող կուսակցության չվերընտրվելու վտանգի մասին հիշեցնելու, իհարկե,բացառությամբ ծայրահեղ դեպքերի: Իշխանություններն իրենք հոյոկապ հասկանում են, որ տվյալ խնդրի լուծումը կամ չլուծումը հաջորդ ընտրություններում նրանց ձայները կավելացնի կամ կնվազեցնի x քանակով: Եվ երբ այդ x-ը անցնում է վտանգավոր, վերընտրվելուն խոչընդոտող սահմանը իշխանությունները սկսում են մտածել տվյալ խնդրի լուծումների մասին: Այսինքն նման պարագայում խնդրով մտահոգված շրջանակները պետք է ձգտեն հնարավորինս հնչեղ և մարդաշատ շարժում ծավալելու, բացարձակապես չունենալով քաղաքական պահանջներ դնելու խնդիր:
Նույն մեթոդն, իհարկե, չի աշխատի Հայաստանում: Պատճառը առավել քան պարզ է. հայաստանյան իշխանությունները, մեղմ ասած, խորապես հետաքրքրված չեն ընտրություններով և այդ ընտրություններին իրենց տրվող ձայներով: Այսօրվա Հայաստանում ձայները որևե առնչություն իշխանություն պահելու կամ կորցնելու հետ չունեն: Այլ կերպ ասած՝ հայաստանյան իշխանությունները վախենում են ոչ թե 3,4 կամ 5 տարի հետո չվերընտրվելուց, այլ բացառապես հենց հիմա, հենց այս պահին վռնդվելուց: Եվ հենց այս վախից դրդված է, որ նրանք գնում են զիջումների:

Հետևաբար Հայաստանում որևե խնդրի համար բողոքող սոցիալական խումբ կամ քաղաքացիական նախաձեռնություն պետք է ուղղակի կամ անուղղակի հասկացնի և՛ նախագահի պաշտոնը զբաղեցնողին, և՛ նրա ենթակայության տակ գործունեություն ծավալող կառավարությանն ու իշխող կուսակցությանը հենց հիմա, հենց այս պահին խնդիրը չլուծելու պարագայում իշխանությունը կորցնելու վտանգի մասին: Դրա ձևերը կարող են տարբեր լինել՝ սկսած ակնարկներից ու քաղաքական մեղադրանքներ և պահանջներ հնչեցնելուց, մինչև իշխանափոխության խնդիր դրած քաղաքական ուժերի հետ համագործակցություն և նրանց հետ միասնական հակաիշխանական ճակատի ձևավորում:
Սա է Հայաստանյան իրականությունը:
Մենք, առանց չափազանցության, գտնվում ենք հանցագործների ու մարդասպանների լծի տակ և մեր գործողություններում պարտավոր ենք առաջնորդվել հենց այս իրողության գիտակցմամբ: Միայն այս կերպ է հնարավոր հասնել թեկուզ ժամանակավոր, բայց որոշակի լուծումների մեզ հուզող հարցերում: Իսկ հարցերի վերջնական լուծման կամ հետագայում դրանց կրկնման բացառման մասին հնարավոր կլինի խոսել, իհարկե, միայն ընտրված իշխանությունների ձևավորմամբ և իրավական, ժողովրդավարական Հայաստանի կայացմամբ:

Արեգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը