Լրահոս

28.03.2014 13:18


ԲՀԿ. «Եթե իշխանությունը հետևություն չանի, մնում է հարյուր հազարավոր մարդկանց «փողոց» հանելու տարբերակը» (տեսանյութ)

ԲՀԿ. «Եթե իշխանությունը հետևություն չանի, մնում է հարյուր հազարավոր մարդկանց «փողոց» հանելու տարբերակը» (տեսանյութ)

ԱԺ այսօրվա ճեպազրույցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ներկայացրել է ԲՀԿ–ի դիրքորոշումը՝ կապված կառավարությանն անվստահություն հայտնելու հետ։

–Գտնում ենք, որ կառավարությունը պետք է ոչ միայն վարչապետի տեսքով հեռանա, այլ ամբողջովին։ Այսինքն, մենք չենք բարձրացնում վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հարցը, մենք բարձրացնում ենք ամբողջ կառավարության հրաժարականի հարցը։ Եվ այս գործընթացը դիտում ենք ամբողջովին։ Մեր համար շատ խորթ է և անիրատեսական, որ ՀՀԿ–ական Տիգրան Սարգսյանին կարող է փոխարինել մեկ այլ ՀՀԿ–ական։ Մենք մեր գործընկեր կուսակցությունների հետ համատեղ պայքարելու ենք մինչև արմատական համակարգային փոփոխությունների իրականացումը,–ասել է Վ. Բաբայանը՝ հավելելով, որ ապրիլի 28–ից հետո, երբ ոչիշխանական չորս ուժերը բարձրացնելու են կառավարության անստահության հարցը, Հայաստանում սկսվելու է բոլորովին նոր քաղաքական գործընթաց։

Նա նաև անդրադարձել է տեսակետին, որ ԱԺ–ում քանակային առավելություն ունեցող «կոճակային» մեծամասնությունը թույլ չի տա, որ գնան փոփոխությունների։

–Եթե մեծամասնությունը չգնա փոփոխության, հաջորդ քայլերն ակնհայտ են։ Հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է դառնում կազմակերպել, իրականացնել տասնյակ հազարավոր, ինչու չէ՝ նաև հարյուր հազարավոր մարդկանց ներկայությունը Երևանի փողոցներում, հրապարակներում, որոշող շենքերի դիմաց։ Եվ երկրորդը՝ արդեն այդ ժամանակ ակնհայտ է դառնում, որ իշխանափոխության փուլային տարբերակին գալիս է փոխարինելու ամբողջական փաթեթային տարբերակը։ Մենք գտնում ենք, որ անկախ ամեն ինչից՝ կա հնարավորություն՝ գնալու անցնցում, խաղաղ փոփոխությունների։ Եվ իշխանությունը պետք է հետևություններ անի։ Մենք շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու մինչև ապրիլի 28–ը, և շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու ապրիլի 28–ից հետո, մնում է, որ այդ հետևությունն անի իշխանությունը։ Այդ հետևություններն անելու շնորհիվ իրենք կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից,–ասել է Վ. Բաբայանը։

ԲՀԿ–ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ավելացրել է, որ ապրիլի 28–ին կառավարության անվստահության հարցի քննարկումով դրվում է երկրում արմատական փոփոխությունների սկիզբը։

–Այդ փոփոխությունները կլինեն կա՛մ սահուն և համագործակցված, կա՛մ օբյեկտիվորեն երկիրը կգնա բարդ և քաոսային իրադարձություններով լեցուն ճանապարհով և ավելի ռադիկալ պահանջներով։ Սա ակնհայտ է։ Գալիս է պահ, երբ իրավիճակը որոշվում է արդեն հանգամանքներով, ոչ թե նախապես ծրագրված պլաններով։ Մենք չենք ուզում երկրորդ տարբերակը,–ասել է Ս. Մարգարյանը՝ ավելացնելով, որ կառավարությանն անվստահություն հայտնելուց հետո կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը