Կարծիք

31.03.2014 11:10


«Մահապարտների» գունդը կլքի՞ խորտակվող նավը։

«Մահապարտների» գունդը կլքի՞ խորտակվող նավը։

ՀՀԿ-ականները մշտապես պնդում են, թե իրենք կուռ թիմ են՝ համախմբված Սերժ Սարգսյանի շուրջ, և փլուզում իրենց չի սպառնում:
Մի՞թե դա այդպես է:
Բավական է՝ մեկը քննադատի Ս.Սարգսյանին կամ իշխանություններին, անմիջապես հակառակորդի «կրակակետը» կրծքով փակում են Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովն ու Կարեն Ավագյանը: Նրանց արդեն մահապարտ են կոչում, քանի որ իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում դատապարտված են: Բայց ի՞նչ է՝ ՀՀԿ մեծաքանակ ցուցակում ուրիշ երիտասարդներ չկա՞ն (չհաշված հոգով երիտասարդները): Կան, բայց մի մասը ՀՀԿ–ական տարբեր մեծահարուստների տակ են, իսկ մյուսները՝ երիտօլիգարխի տիրապետության տակ։ Վերջիններս ձգտում են թավշյա քաղաքականություն վարել ու քաղաքակիրթ երևալ (երբեմն ձևականորեն արևմտամետ հայացքների կրող հանդես գալով):
Ի դեպ, անպոչ գդալի նման մեջ ընկնող «մահապարտներին» քննադատում են ոչ միայն ընդդիմադիր լրատվամիջոցները, այլև երիտօլիգարխին պատկանողները: Պետք է, չէ՞, հանրության աչքում անաչառ երևալ, թեպետ, թեկուզ ձևի համար, չեն քննադատում ժելեած մազերովներին: Պարզ պատճառով՝ նրանք սեփական թիմակիցներ են, իսկ աշոտյաններն արդեն այս կռվից կմաշվեն, հասարակության ատելությունն ամբողջությամբ կվերցնեն իրենց վրա, կդառնան այնքան ատելի, որ ուղղակի անիմաստ կդառնա նրանց հետագա «առաքելությունը» թիմում:
Ուշագրավն այն է, որ Ս.Սարգսյանի իշխանության տված արտոնություններից մեծապես օգտվում են «ժելեածները», սակայն սևագործ աշխատանքն անել են տալիս «բազեականներին»։
Եթե հարկավոր է հակադարձել նախկին նախագահներին, դարձյալ դա պետք է անի Աշոտյան-Շարմազանով-Ավագյան եռյակը: Այն դեպքում, երբ նրանք ժամանակին առնչություն ունեցել են երկրորդ նախագահի հետ, ու եթե անգամ ճիշտ բաներ էլ ասեն, հասարակությունը նրանց դասում է անաղուհաց քրդի շան կատեգորիային: Մինչդեռ, ֆրակով ու թիթեռնիկով դրսերում նկարվող մեր երիտօլիգարխի ներկայացուցիչներն առնչություն չեն ունեցել երկրորդ նախագահի հետ, և ավելի բնական կլիներ, որ նրանք հակադարձեին: Դե, ինչպե՞ս կարելի է: Չէ՞ որ իրավիճակի փոփոխության պարագայում կարող է՝ ստիպված լինեն ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերել, պետք է, չէ՞, ասեն, որ իրենք երբեք «խաղի կանոնները» չեն խախտել: Սա արվում է այն հույսով, որպեսզի այս թիմն ապահովի իր տեղը քաղաքական դաշտում նաև Ազատիչի հեռանալուց հետո կամ գոնե «փուռը» չգնա շարմազանովների պես:
Այդ ինչպե՞ս է լինում, որ գաղտնի Սիրիա մեկնած պատվիրակության կազմում միայն երիտօլիգարխի թիմակից պատգամավորներն էին, իսկ «առաջին գծում կռվող» ՀՀԿ-ականներից ոչ մեկ չընդգրկվեց:
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանի ու «անկախ» պատգամավոր Էդմոն Մարուքյանի ուղղակի կապը նախագահականի հետ վաղուց է հայտնի: Մարդիկ Քեսաբում կոտորվում են, իսկ սրանք խաղեր են խաղում, շոուներ սարքում, էժանագին դիվիդենտներ վաստակում ու ձեռքի հետ ուզում են ոչ պակաս ռուսահպատակ և հակաարևմտամետ երևալ (Բաշար Ասադին հանդիպելով՝ հենց դա էին ընդգծում):
Պատկերացրեք, թե ինչ ստորացուցիչ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համար, որ նրան ԱԺ ամբիոնից «ջախջախիչ» քննադատում է Բաղրամյան 26-ի գործակալ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի ընդդիմադիրի կեցվածքը պահպանի: Իսկ Աշոտյանն էլ, իմանալով՝ ով-ով է և ինչն ինչոց է, ստիպված պետք է միմոսություն անի այդ «թատրոնում»՝ բավարարվելով միայն Նիկոլին ակնարկներ անելով, թե «դերիդ» մեջ չափը մի անցիր:
Ակնհայտ է, որ իշխանավորները սեփական թիմի ներսում այս անարդարության դեմ պայքարի հնարավորություն չունեն, անգամ թեթև դժգոհություն հայտնել չեն կարող, քանի որ անմիջապես կկորցնեն «կերակրատաշտի» մոտի իրենց տեղը «ապահով Հայաստանում»: Իսկ երբ գա իշխանական «նավը» ճոճելու ժամանակը, որքան էլ, ինչպես հասարակությունը, այնպես էլ՝ ես, արդարացիորեն չսիրենք «մահապարտներին», միևնույն է, համոզված եմ, որ նրանք մինչև վերջ կմնան նավի վրա, թեկուզ նաև այն պատճառով, որ գնալու տեղ էլ չունեն, իսկ առաջինն այն կլքի հենց «ժելեածների» խմբակը:

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը