Կարծիք

31.03.2014 16:14


Վահան Բաբայան.

Վահան Բաբայան.

Քանի որ բոլորին քաջ հայտնի haynews.am-ը վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց և վերածվել է զուտ վարչապետապաշտպան գործիքի, որին թեպետ լուրջ չարժե վերաբերվել, այնուամենայնիվ, որոշեցի անդրադառնալ ու ներկայացնել իրականությունը իրենց կողմից պաշտելի ՀՀԿ-ական պաշտոնյաներին ու նրանց արդարացիորեն քննադատող ԲՀԿ-ականներին։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացվում է որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ով հավանաբար կարող էր նաև Ազգային հերոս լինել, պարզապես զբաղված էր ղեկավարների հետ ֆոտոսեսսիաներով ու այդպես էլ չհասցրեց ռազմաճակատ մեկնել ու ոչ մի օգուտ չտվեց ոչ մարտադաշտում, ոչ թիմունքում։ Նրա կենսագրության մեջ այդպես էլ չնշվեցին, որ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ նա եղել է ՀՀՇ-ական, այնուհետև հույս ունենալով ԱԺՄ-ի հաղթանակին, դարձել ԱԺՄ-ական, իսկ վերջերս դարձել է Նժդեհյան գաղափարախոսություն կրող ՀՀԿ-ական, քանի դեռ իշխանության գլխին ՀՀԿ-ն է։ Հասարակության շրջանում հիմնականում բնորոշվում է «օֆշոր Տիկո», իսկ ավելի նեղ շրջանակներում այնպիսի բառերով, որոնք գրելը ցենզուրայից դուրս կլինի, բայց կարող եք լսել դրանք միջին վիճակագրական քաղաքացու հետ 2-3 րոպե զրուցելիս։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան։ Վարչապետի սանիկը հանդիսացող այս երիտասարդի միակ «ձեռքբերումը» վարչապետի սանիկը լինելն է՝ դրանից բխող նախարարական պորտֆելով։ Ներկայացվում է որպես մի շարք բարեփոխումների հեղինակ, որով ապահովվում է կառավարության գործունեության թափանցիկությունը, մինչդեռ նույն այդ «թափանցիկ գործող» երիտասարդը վախենում է դուրս գալ իր կաբինետից, իջնել նախարարության դռների մոտ ու արդարացնել իրենց ներկայացրած բարեփոխումը։ Դա նույն այն կաբինետն է, որում Սարգսյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո պետական բյուջեի հաշվին ավելի քան 2000 դոլար արժողությամբ վարագույրներ էր կախել, հավանաբար աշխատելու փոխարեն «Դուռակ»-ի պարտիաները թաքցնելու նպատակով։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան, ով առանց այդ էլ արդարությամբ չփայլող համակարգը էլ ավելի խորը թաղեց անարդարության մեջ, նրա հովանավորությամբ բազմապատկվեց դատական համակարգում առկա «կոռուպցիոն գնացուցակը»՝ կախված հանցագործության ծանրությունից ու կատարողի ով լինելուց։ Հայտնի է նաև իրենց քննադատողներին «ղալլաթ են անում» արտահայտությամբ բնորոշելով և Արմեն Ռուստամյանի կողմից ավելի քան արժանի պատասխան ստանալով։

Շարքը կարելի է շարունակել, բայց հասկանալի պատճառներով չեմ անդրադառնում ՀՀԿ տատիին ու ՀՀ(Շ)Կ-ի Գևորիկին։

Ի դեպ, հասարակության շրջանում հարցումներ կազմակերպելու դեպքում առաջարկում եմ հարցնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին ժողովրդի կարծիքը, որում սովորաբար միայն օրհնանքի ու շնորհակալության խոսքեր են, քանի որ մի մարդը այսօր ստանձնել է մի ամբողջ պետական համակարգի դեր ու իշխանությունների փոխարեն իրականացնում է նրանց գործառույթները։ Ժողովրդի մասին մտածող իշխանությունը պետք է որ շնորհակալ լիներ նրանից, բայց քանի որ մեր իշխանությունները մտածում են ոչ թե ժողովրդի, այլ աթոռի մասին, ուստի զարմանալի չեն նրանց վայրահաչոցները։

Անդրադառնամ նաև իրենց նշած ԲՀԿ-ականներին։ Հատուկ «թատերագետ» և «դերասան» մասնագիտությունը չտարբերողների համար մեջբերում եմ. «Նաիրա Զոհրաբյանը գերազանցությամբ ավարտել է Երեւանի թիվ 21 միջնակարգ դպրոցը: 1987թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը: Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ: Մասնագիտական վերապատրաստումը անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, ինչպես նաեւ Մոսկվայի առաջատար թատրոններում: Թատերական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, որոնք տպագրվել են տեղական եւ արտերկրի մշակութային պարբերականներում»: Ոչ մի լրատվամիջոցից երբևէ չի հեռացվել, ինչում համոզվելու համար բավական է հարցումներ անել այդ լրատվամիջոցներին, ոչ թե կեղծիքներ հորինել։
Ես, ի տարբերություն վերոնշյալ ՀՀԿ-ականների, իմ քաղաքական կարիերան սկսել եմ շատ ավելի վաղ ու երբեք չէմ եղել իշխանության մեջ, երբեք չէմ հերքել, որ 23 տարեկանում եղել եմ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության երիտթևի ղեկավարը, այնուհետև Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահը, իսկ թե որոնք են եղել հակասությունների պատճառները ՄԻԱԿ-ում , կրկին կարող եք հարցնել նրանցից, իսկ եթե չուզեն այդ մասին խոսել, կարծում եմ ինքս կբացեմ քարտերը։ Նշեմ նաև, որ ի տարբերություն ՀՀԿ երիտասարդ վերնախավի,ես ծառայել եմ նաև ՀՀ ԶՈւ-ում, իսկ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը իսկապես ավարտել եմ գերազանցությամբ ու եղել եմ ուսանողական խորհրդի նախագահ։

Հ.Գ. Առաջարկում եմ նաև իրենց կողմից ներկայացված ցանկացած ՀՀԿ-ականի հետ դուրս գալ փողոց, հարցում անցկացնել իշխանության ներկայացուցիչների ու ԲՀԿ-ականների մասին, իսկ արդյունքը առանց մոնտաժի ներկայացնել հանրությանը, թող բոլորը տեսնեն, թե ում մասին ինչ կարծիք ունի ժողովուրդը։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը