Քաղաքական

02.04.2014 13:20


Լևոն Զուրաբյան. «ՍԴ–ում ունեցած ֆորմալ հաղթանակը ապրիլի 28–30–ը նշանակված շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքն է»

Լևոն Զուրաբյան. «ՍԴ–ում ունեցած ֆորմալ հաղթանակը ապրիլի 28–30–ը նշանակված շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքն է»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՍԴ–ի որոշումը համարում է ֆորմալ հաղթանակ։ ՍիվիլՆեթ–ի ուղիղ եթերում նա ասել է, որ թեև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներկայացված դրույթները ճանաչվեցին հակասահմանադրական, բայց, միևնույն ժամանակ, իրեն հատուկ ոճով, ՍԴ–ն մի որոշում ընդունեց, որն իշխանություններին մանևրելու մեծ դաշտ է տալիս։

Լ. Զուրաբյանը ընդգծել է, որ ՍԴ որոշմամբ՝ այդ հակասահմանադրական դրույթներն ուժի մեջ են մնում մինչև սեպտեմբերի 30–ը։

–Սա ստեղծում է լուրջ իրավական վակուում։ Եթե իշխանությունն իրեն ուժեղ, հզոր զգա, կարող է շրջանցել ՍԴ որոշումը և շարունակել զոռբայությամբ այս համակարգը իրականացնել՝ մինչև սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակաշրջանն օգրագործելով՝ շարունակել գանձումները։ Այդ ընթացքում էլ օրենքը փոխել այնպես, որ նույն համակարգն ապահովվի այլ դրույթներով։ Իսկ եթե իշխանությունն իրեն թույլ զգա, բնականաբար, կհրաժարվի վերոնշյալ գործելաոճից։ Այսինքն, հիմա մեզանից է դա կախված,–ասել է Լ. Զուրաբյանը։

Նա նաև անդրադարձել է ապրիլի 28–30–ին Ազատության հրապարակում ՀԱԿ–ի, ԲՀԿ–ի. ՀՅԴ–ի և «Ժառանգության» հրավիրած շուրջօրյա հանրահավաքին՝ նշելով, որ նոր հաղթանակներ արձանագրելու համար ժողովուրդը պետք է մոբիլիզացվի։

–Այն հաջողությունը, թեկուզ ֆորմալ, որ ունեցանք ՍԴ–ում, կարող եք համարել ապրիլի 28–30–ը նշանակված շուրջօրյա հանրահավաքների առաջին արդյունքը,–ընդգծել է Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը