Քաղաքական

04.04.2014 16:15


Ոչիշխանական 4 ուժերը քննարկել են քաղաքական նոր իրավիճակը (տեսանյութ)

Ոչիշխանական 4 ուժերը քննարկել են քաղաքական նոր իրավիճակը (տեսանյութ)

Ռուբեն Հակոբյան. «4 քաղաքական ուժերը հաստատակամ են՝ միասին շարունակելու հետագա աշխատանքները»

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների համատեղ դռնփակ նիստը։

–Վարչապետի հրաժարականը 4 ոչիշխանական ուժերի համագործակցության արդյունքն էր,–նիստից հետո լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ավելացնելով, որ 4 քաղաքական ուժերը հաստատակամ են՝ միասին շարունակելու հետագա աշխատանքները.

–Բնականաբար, քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի իր անելիքները, և առաջիկա հանդիպումներում միասնական նոր օրակարգ կներկայացնենք։ Այժմ արդեն հստակ է, որ «կուտակայինի» հետ կապված ՍԴ–ի որոշման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ ենք հանդես գալու և մեր գնահատականն ենք տալու։ Պայմանավորվել ենք նաև, որ միասնական հանրահավաք կանցկացնենք։ Առաջիկայում կհստակեցնենք այդ հանրահավաքի օրը։

Ռ. Հակոբյանը նաև նշել է, որ 4 ոչիշխանական ուժերի այսօրվա նիստում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարցը չի քննարկվել, չի քննարկվել նաև վարչապետի թեկնածուի հարցը։

–Մենք ունեինք մոտեցում, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարց չի դրվելու, մենք ասել ենք, որ համակարգային փոփոխության ենք գնում, և պետք է ներկայացնեինք, թե ինչ քաղաքական ծրագրով էինք պատկերացնում այդ փոփոխությունը։ Այդ ծրագիրն առաջիկայում կներկայացնենք,–ավելացրել է Ռ. Հակոբյանը,–կներկայացնենք այլընտրանքային ծրագիրը, և եթե այն կընդունվի մեծամասնության կողմից, այդ դեպքում արդեն կարելի է քննարկել անհատների հարցը։

Հարցին՝ վարչապետի հրաժարականը նպաստե՞ց ամբողջական իշխանափոխության հասնելու ծրագրերին, թե խանգարեց, Ռ. Հակոբյանը պատասխանել է.

–Նայած, թե մենք ինչպես կկարողանանք օգտագործել այս հնարավորությունը։ Եթե ճիշտ կարողանանք օգտագործել, ապա վարչապետի հրաժարականը կնպաստի ամբողջական իշխանափոխությանը։ Ես չգիտեմ, թե պարոն Սերժ Սարգսյանն ինչ է մտածել այս քայլին գնալուց, բայց քաղաքական իրավիճակ կար հանրապետությունում՝ ստեղծված ոչիշխանական ուժերի կողմից, որի հետ հաշվի չնստելն անհնար էր։ Ի դեպ, այս հրաժարականի հարցում արտաքին որևէ ուժի ազդեցություն չեմ տեսնում։ Սա քաղաքական զարգացումների տրամաբանական շարունակությունն էր։

Ռ. Հակոբյանի խոսքերով՝ մի բան հստակ էր՝ իշխանությունը պետք է քայլ ձեռնարկեր՝ կանխելու ապրիլի 28–ին նախանշված զարգացումները, և այժմ քաղաքական դաշտը համարժեք քայլերի ձեռնարկման շրջան է մտնում։

–Մեզ մոտ խնդիրը դրված էր, որ ժողովրդի հետ միասին իրավիճակ փոխենք, և, բնականաբար, մենք պետք է շարունակենք մեր ունեցած ծրագրերի իրականացումը,–նշել է Ռ. Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը