Կարծիք

07.04.2014 11:10


Ձեր երբեմնի հեղինակավոր թերթն օրվա իշխանության պատի թերթ մի՛ դարձրեք

Ձեր երբեմնի հեղինակավոր թերթն օրվա իշխանության պատի թերթ մի՛ դարձրեք

ՁԵՐ՝ ԵՐԲԵՄՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԹԵՐԹՆ ՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ ԹԵՐԹ ՄԻ՛ ԴԱՐՁՐԵՔ

Քանի որ Տ.Սարգսյանի հրաժարականի հետ կապված կրքերը մի փոքր հանդարտվել են, ուզում եմ մի ցավոտ հարցի անդրադարձ կատարել:
Երբ խորհրդարանական ոչիշխանական ուժերը համատեղ որոշում կայացրեցին ապրիլի 28-ին ԱԺ-ում բարձրացնել կառավարության անվստահության հարցը և զուգահեռաբար սկսել շուրջօրյա հանրահավաքներ, իշխանության ենթակայության տակ գործող լրատվամիջոցները, կեղծ վերլուծաբանները և համացանցային որոշ օգտատերեր սկսեցին խիստ համոզիչ տոնով բացատրել հասարակությանը, որ Ս.Սարգսյանն այդ ճնշմանը չի ենթարկվելու և իր ուժը ցուցադրելու համար անկասկած պահելու է վարչապետին:

Ինչ-որ տեղ ըմբռնումով եմ մոտենում, երբ դա անում են համացանցային լրատվական կայքերը, որոնց հաղորդած «խիստ հավաստի» տեղեկատվության համար մեր ժողովուրդն իր գրպանից ուղղակի չի վճարում: Բայց չեմ կարողանում հաշտվել այն մտքի հետ, երբ դա անում են որոշ թերթեր: Մարդիկ իրենց վերջին դրամները տանում տալիս են թերթ են գնում, որ գոնե այնտեղից տեղեկատվություն ստանան: Մեկ էլ պարզվում է, որ ընդամենը կարդում են իշխանական տարբեր կաբինետներից՝ համապատասխան վճարի դիմաց, իրենց տրամադրված «հավաստի ապատեղեկատվությունը»: Եվ քանի որ ժողովրդի մեջ հավատ չի մնացել ոչ մեկի հանդեպ, անպայման նշում են, թե դրանք իշխանությանը մոտ կանգնած իրենց հավաստի աղբյուրներից են:

Ուրեմն Տ.Սարգսյանը դեռ փետրվարին հրաժարականի դիմում էր ներկայացրել, ու իրեն ասել էին՝ սպասի մինչև ՍԴ-ի որոշումը, բայց այդ մասին տեղյակ չէ՞ր Սերժ Սարգսյանը, որ դարձյալ Բաղրամյան 26 էր հրավիում ԲՀԿ-ական մի քանի գործարար պատգամավորների ու հանձնարարում՝ կառավարության անվստահության հայտնելու ձևաթղթի տակ չստորագրե՞լ, և բացի այդ պատրաստ լինել հրահանգի, թե երբ են լքելո՞ւ ԲՀԿ-ն:

Այսինքն Ս.Սարգսյանը տեղյակ էլ չէր հա՞, որ ՍԴ-ի որոշումը չի կարող ձգվել մինչև ապրիլի 28, և որոշման հաջորդ օրն արդեն Տ.Սարգսյանը հրաժարական էր ներկայացնելու, ու շարունակում էին նախապատրաստական աշխատանքներ տանել ԲՀԿ-ի մի քանի առնետացու գործարարների հե՞տ:

Հիմա ո՞վ է պատասխան տալու այդ խաբված մեր բնակիչներին, որ մեր անվանի լրագրողներն ու նրանց փորձառու գլխավոր խմբագիրներն իրենց անցած ճանապարհն ու պրոֆեսիանալիզմը հարմար գնով վաճառում են իշխանություններին, մի հատ էլ ուզում են այդ նյութերով հագեցված թերթերը չքավորության եզրին կանգնած ժողովրդին վաճառեն:

Այն որ համացանցը ողողված է անլրջությամբ ու ապատեղեկատվությամբ, մենք էլ լավ գիտենք, դա մեր ամենօրյա շփումից պարզ է: Բայց հիմա, եթե լրատվական կայքերը դնեն այդ թերթերի ժամանակին տպագրված բոլոր «հավաստի» տեղեկատվությունները հերթով ներկայացնեն իրենց «անլուրջ» կայքերում, տակից ինչպե՞ս են դուրս գալու մեր «լուրջ» թերթերը:

Ու երբ բողոքում եք, որ մարդիկ թերթ դադարել են կարդալ, ձեզ հարց տվեք, իսկ ի՞նչ եք մատուցում նրանց, որ ուզում եք վերջին դրամն էլ դրա դիմաց նրանց ձեռքից առնել: «Մուտիլովկաներով» թերթ չես պահի: Իսկ, երբ ձեր թերթը վերածում եք իշխանության պատի թերթի, համացանցում ամեն մեկն էլ իր «պատն» ունի, էլ ինչո՞ւ պիտի ձեր հույսին մնան մարդիկ։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը