Կարծիք

10.04.2014 20:16


Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը բացահայտեց իր վերարտադրության սցենարը»

Էդվարդ Անտինյան. «Սերժ Սարգսյանը բացահայտեց իր վերարտադրության սցենարը»

Ուզում եմ մի կողմ դնել տեսական մտավարժանքը, թե կառավարման ո՞ր մոդելը կարող է առավել արդյունավետ լինել ներկա փուլում մեր երկրի համար, քանի որ այժմ սահմանադրական փոփոխություններով այդ հարցը չէ, որ փորձում են լուծել:

Սերժ Սարգսյանը.

–հրաշալի հասկանալով, որ երկրում առկա է խորը ճգնաժամ, ու որ իրեն չի հաջողվելու այն հաղթահարել,

չցանկանալով իշխանությունից մասնակի կամ ամբողջությամբ հրաժարվել,

–քաջ գիտակցելով, որ իր խարդավանքներին քաղաքական դաշտի հիմնական սուբյեկտները ծանոթ են, ու որ դրանք այլևս չեն աշխատում՝

մտածել է լարվածությունը թուլացնելու հերթական ապակողմնորոշող քայլը. «թողեք մինչև պաշտոնավարմանս ժամկետի ավարտն աշխատեմ, որից հետո խոստանում եմ ընդմիշտ հետանալ»:

Բայց ի՞նչ արժեն Ս.Սարգսյանի խոստումները, երբ այս 6 տարիների ընթացքում նա մեզ ուղղակի խոստումնախեղդ է արել, ու մշտապես համոզվել ենք, որ նա իր ոչ մի խոստմանն էլ հավատարիմ չէ:

Այժմ ամենակարևորի մասին։

Համոզված եմ, որ Ս.Սարգսյանը սահմանադրական հանձնաժողովի ներկայացրած այս հայեցակարգի օգնությամբ փորձելու է լղոզված տերմինալոգիայով հասարակությանը հանգստացնել, թե հեռանում է, որպեսզի թողնենք մի քիչ էլ խաղա ու հոժարակամ կգնա: Իսկ թիմակիցներին էլ հասկացնել է տալիս, թե ամեն ինչ անելու է մնալու համար, ու կապ չունի թե ինչ կոնֆիգուրացիայով իշխանության բարձրագույն պաշտոնների լիազորությունները փոխատեղելով:

Այս ամենն ունի շատ պարզ բացատրություն։ Ս.Սարգսյանը ոչ միայն հանրային վստահություն չունի, ու չի էլ կարող ստեղծել այլևս, այլ ունի անհուսալի գործընկերոջ համբավ նաև իր թիմակիցների մոտ, ինչի պատճառով պետք է նրանց ներշնչի, որ չի պատրաստվում հեռանալ, որպեսզի թիմակիցներն օր առաջ չմտածեն իրենց «անսերժ» ապագայի մասին: Ինչն արդեն կարող է ավելի շուտ կործանել գործող նախագահին, երբ փլուզվելու նշաններ ցույց տա իշխանական բուրգը:
Լա՛վ, ամոթ է էլի՛: Մարդ էլ այսքան տարի նախագահ աշխատի ու մտածի, որ եթե մարդկանց մի անգամ էլ մոլորեցնի, թե նախագահ ու վարչապետ չեմ լինի, ապա կարողանալու է անցկացնել իր ուզածը։

Ներկայացվող փոփոխությունների փիլիսոփայությունից ակնհայտ է դառնում, որ ԱԺ նախագահին է վերապահված պետության ղեկավարի դերը։ Դրա համար էլ Սարգսյանը հանգիստ հայտարարում է, որ ապագայում չի ուզում նախագահ ու վարչապետ դառնալ։ Դառնա, որ ի՞նչ անի։ Հրե՛ն, ԱԺ նախագահի լիազորությունները կփոխի ու կշարունակի իշխել այլ կարգավիճակով։

Բայց չէ՞ որ սա պարզունակ հնարք է։ Ախր մեզ դեռ դպրոցի տարրական դասարաններում են սովորեցրել մանր ժուլիկության հայտնի պատմությունը` Խնկո Ապոր «Գյուղացին ու արջը» առակի միջոցով։ «Ինչ որ ցանենք հողումը, նրան կտամ ցողունը»:
Հասկանանում եմ, որ Ս.Սարգսյանի ցողունային բջիջների հետ կապված ինչ որ փոփոխություններ են եղել, ու այդ թեման իրեն հոգեհարազատ է, ինքն էլ հեռակայով ավարտած բանասեր, բայց այսքա՞ն պրիմիտիվ գործելաոճ, ա՛յ մարդ:
Կարծում եմ, անկախ նրանից, թե ինչ պարզաբանող լրացուցիչ ելույթներ կլինեն ու պաշտոնական հավաստիացումներ, թե մենք ճիշտ չենք հասկացել, ու Սերժ Սարգսյանը հեռանում է ընդմիշտ, չպետք է թուլացնել ճնշումը նրա նկատմամբ, այլ հասնել այն բանին, որ նա օր առաջ հեռանա, իսկ դրանից հետո սահմանադրական փոփոխությունների հարց կարող է դրվել նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը