Կարծիք

17.04.2014 11:50


Կիմա Եղիազարյան.

Կիմա  Եղիազարյան.

Այսպես, Սերժ Սարգսյանն իր «ամենաբարոյական ուժ»-ին՝ ՕԵԿ-ին, գործուղեց ընդդիմադիր դաշտ: Վեց տարի «ամենաբարոյականը» կամավոր հարսի պես ծառայեց իշխանական կոալիցիաում՝ ի փառս ՀՀԿ-ի եւ նրա առաջնորդի, իսկ հիմա ժամանակն է, որ «բարոյականությամբ» վարակի ընդդիմադիր դաշտը:

Անշուշտ, ահագին զավեշտական է ՕԵԿ-ի քաղխորհրդի որոշումը, թեեւ այս ուժին չճանաչողը եթե լրջորեն կարդա այդ տեքստը, կարող է հոնգուր-հոնգուր լաց լինել:

Պարզվում է՝ կոալիցիայում խեղճ ՕԵԿ-ն իրեն վեց տարի զգացել է ստրկուհի Իզաուրայի վիճակում: Հասկանո՞ւմ եք, նրան զրկել են ամեն ինչից կամ գրեթե ամեն ինչից: Կարճ ասած՝ «շան տեղ չեն դրել»: Որոշումների ընդունման գործընթացում նա ունեցել է զրոյական դերակատարություն, ՕԵԿ խմբակցության օրինագծերը խորհրդարանում ընդհանրապես չեն քննարկվել, մնացել են արխիվում ու փտել են: Բայց դե, նամուսի մեռած ՕԵԿ-ը սուսուփուս կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության ներկայացրած բոլոր հակաժողովրդական օրենքներին:

Վեց տարիների ընթացքում մի 3 անգամ վարչապետ են նշանակել ու մի 4 անգամ էլ ԱԺ նախագահ են առաջադրել, սակայն քաղաքական մեծամասնությունը իսկի չի էլ նկատել դժբախտ ՕԵԿ-ին եւ կայացրել է միանձնյա որոշումներ: Դե, իսկ ՕԵԿ-ի բազմաթիվ ծրագրեր մնացել են թղթի վրա:

Ավելին, վեց տարի շարունակ չի հնչել ՕԵԿ-ի անունը, այլ միայն տիրաժավորվել է «իշխող ուժ» բառակապակցությունը, ինչի հետեւանքով թշվառ ՕԵԿ-ի վրա հաստ փոշի է նստել: Մինչդեռ, «ամենաբարոյականին» պետք է փրկել մոռացությունից:

ՕԵԿ-ի համբերության բաժակը լցվեց վերջին օրերին, երբ Սերժ Սարգսյանն անգամ չքննարկեց Արթուր Բաղդասարյանի թեկնածության հարցը վարչապետի պաշտոնում: Ու հիմա, երբ ՕԵԿ-ը հետ է նայում ու գնահատում է ՀՀԿ-ի հետ մի տանիքի տակ ապրելու ողջ ժամանակահատվածը, դառնությամբ արձանագրում է, որ քաղաքական կոալիցիան արդյունավետ չի գործել:

Ինչեւէ, «ամենաբարոյական ուժ»-ի նկատմամբ այսպիսի դաժան վերաբերմունք հնարավոր չէր պատկերացնել անգամ ամենամղձավանջային երազում: Բայց սա Հայաստանն է, որտեղ իշխում է ՕԵԿ հորինած մարդը, ով վեց տարի սույն կցակառույցը հավելելով իր գլխավորած իշխող ուժին՝ պահեց «քաղաքական կոալիցիա» կոչված ձեւաչափը:

Դե, հիմա էլ եկել է ժամանակը, որ շեֆը բաց թողնի ստրկուհի Իզաուրային, որպեսզի վերջինս զգա «ազատության շունչը», իր ինքնուրույն տեղը գտնի այս մեծ արեւի տակ, վազի ու գրավի ընդդիմադիր տարածքի մի հատվածը: Քանզի, ի դեմս Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ-ում կանայք շատ են, իսկ այդ սեռը ժամանակ առ ժամանակ սիրում է խաղալ ընդդիմադիր դաշտում՝ դարձյալ ի փառս իրեն այդ դաշտ գործուղած անձի:

Ահա թե ինչպիսին է լինում «ամենաբարոյական ուժը», որին ժողովուրդը հաստատ ճանաչում է: Ինչպես մարդիկ անսխալ ճանաչում են, ասենք, Բաղրամյան փողոցի «գիշերային թիթեռնիկներին»:

Այս խորագրի վերջին նյութերը