Լրահոս

21.04.2014 21:03


Էդվարդ Անտինյան. Անընդունելի է արտաքին միջամտությամբ թե՛ իշխանություն պահելը, թե՛ կորցնելը

Էդվարդ Անտինյան.  Անընդունելի է արտաքին միջամտությամբ թե՛ իշխանություն պահելը, թե՛ կորցնելը

Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան ամեն օր կատաղի պայքար է մղում ոչիշխանական ուժերի դեմ՝ նրանց մեղադրելով ռուսամետության մեջ: Սակայն, դժվար է չնկատել, որ ինչպես «քառյակը», այնպես էլ այն արտախորհրդարանական ուժերը, որոնք ողջունում են երկրում քաղաքական ու քաղաքացիական համախմբման նախաձեռնությունը, չեն միավորվում աշխարհաքաղաքական կողմնորոշման շուրջ, այլ՝ միահամուռ ուժերով դուրս բերելու երկիրն այս աղետալի վիճակից: Ու, նախ. պետք է փրկել Հայաստանի ներկան, որպեսզի հնարավոր լինի մտածել նաև ապագայի մասին:

Ավելին, «քառյակի» բոլոր անդամներին ռուսամետ ներկայացնել կարելի է միայն վառ երևակայության պայմաններում: Իսկ նրանք, ովքեր հասարակական գիտակցության մեջ այդպիսի համարում ունեն, նշել են, որ ՌԴ-ի հետ համագործակցությունն այսպիսի ստրկացուցիչ պայմաններով անընդունելի է:
Բաղրամյան 26-ի «տակ» գործող լրատվամիջոցներն ու համացանցային ակտիվիստները, փորձում են արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում հավասարության նշան դնել իշխանությունների ու նրանց դեմ պայքարողների միջև, դրանով անուղղակիորեն շրջանառության մեջ դնելով այն միտքը, թե ո՞րն է իշխանափոխության իմաստը, եթե հակամարտող կողմներն իրար արժեն: Այսինքն, իրենց պատկերացմամբ, «քառյակը» չի ստանա հասարակական աջակցություն, իսկ դրանից շահած դուրս կգա Սարգսյանի վարչակազմը:
Հատկանշական է, որ մի կողմից գործող նախագահն իր նվիրվածությունն է հայտնում ՌԴ-ին ու անձամբ նրա ղեկավարին (միայն Գյուլիստանի պայմանագրի հիշատակումը Ս.Սարգսյանի գաղափարական ընկերոջ կողմից, ինչի առիթով վերջինս հրապարակայնորեն իր անհամաձայնությունը չի հայտնել, արդեն իսկ բավական է, որ գործող նախագահն ընկալվի ոչ թե ռուսամետ, այլ՝ ռուսահպատակ գործիչ), դրա հետ մեկտեղ, խիստ արևմտամետի դերի մեջ մտած իր թիմակիցների միջոցով, «տակնահան» լուտանքներ թափում ՌԴ-ի ու անձամբ նրա ղեկավարի գլխին: Իսկ սա չի կարող վրիպել ռուսական հատուկ ծառայությունների ուշադրությունից:
Հասարակության բացարձակ մեծամասնության՝ իշխանությունների հանդեպ վերաբերմունքը պայմանավորված չէ արտաքին քաղաքական կուրսի ընտրությամբ, այլ նրանով, որ՝ այսպես ապրել այլևս չի կարողանում ու չի ցանկանում, և պատրաստ է լծվել՝ օր առաջ այս իշխանություններին հեռացնելու գործին: Այնպես որ, ժողովրդի աչքից գցել պայքարող ուժերին, որպեսզի գահին բազմած մնան ատելի իշխանությունները՝ չաշխատող սցենար է: Բայց, դրան հակառակ, ՌԴ-ի հանդեպ անհուսալի գործընկերոջ կերպարը լավ էլ աշխատող է՝ նրա կողմից սանկցիաների տեսքով:
Սարգսյանը լավ է հասկանում, որ՝ անդամակցելով ՄՄ-ին, նաև ստորագրելով Եվրասիական միություն մտնելու փաստաթղթերը, դրանից հետո իրեն պատժելու են, իսկ հետդարձի ճանապարհ նա այլևս չի ունենալու: Բայց ճանապարհի կեսից հետ դառնալ էլ չի կարող. այս դեպքում ավելի դաժանորեն կպատժեն: Բարդ է՞ր հասկանալ, որ պետք չէր Պուտինի հետ խաղեր խաղալ, առավել ևս՝ խաղեր տալ, որ ՌԴ նախագահի հետ նման «կատակները» հղի են մեր երկրի համար անկանխատեսելի, իսկ Սարգսյանի համար՝ խիստ կանխատեսելի հետևանքներով:
Հարգելինե՛րս, ցուգցվանգն էլ ինչպե՞ս է լինում, պոզով-պոչո՞վ: Սերժ Սարգսյանին մնում է թիրմակիցներին նախատել իր իսկ «հանճարեղ» ձևակերպմամբ. «Էտենց եք անում, որ խիյարը թարս է բուսնում»:
Մտքովս մի բան անցավ այս առիթով: Աշխարհի շատ երկրների ղեկավարներ հսկայական քաղաքական ժառանգություն են թողել գալիք սերունդներին, պաշտոնավարման ժամանակ բարդ խնդիրների հանգուցալուծումները ծնունդ են տվել բազմաթիվ աֆորիզմների ու թևավոր խոսքերի, որոնք մինչ օրս ուղեցույց են ծառայում շատերիս համար:
Ու, երբ պատկերացնում եմ, թե ի՞նչ քաղաքական ժառանգություն է թողնելու գալիք սերունդներին Սերժ Սարգսյանը, մտաբերում նրա «թևավոր» խոսքերը՝ ամոթից գետինն եմ մտնում:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը