Լրահոս

28.04.2014 13:00


ՀՀԿ–ն մերժեց «քառյակի» առաջարկությունը

ՀՀԿ–ն մերժեց «քառյակի» առաջարկությունը

20 րոպե ընդմիջումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՀՀԿ–ն դեմ է քվեարկելու այդ նախագծին։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, որ ՀՀԿ–ի դիրքորոշումը հետևյալն է՝ իրենց կողմից այս նախագծի ընդունումը կնշանակի անվստահություն սեփական կառավարությանը։ Այս դիրքորոշումը Լ. Զուրաբյանը բացարձակ անընդունելի և ապակառուցողական է համարում։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ վերահաստատել է հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին ԲՀԿ–ի դիրքորոշումը։

–Մենք գնացինք կոմպրոմիսի, համաձայնեցինք լսումներին, սակայն, լսելով հրավիրյալների տեսակետը, մնացինք համոզման, որ հարցը պետք է լսվի խորհրդարանում՝ հանձնաժողովի շրջանակներում,–ասել է նա։

Այնուհետև ձայնի իրավունք է խնդրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ ԱԺ կանոնակարգ–օրենքն է խախտվում։

–20 րոպե ընդմիջումից հետո հարցը միանգամից պետք է դրվի քվեարկության։ Վարման կարգի վերաբերյալ այդ թվում և ինձ չպետք է խոսելու իրավունք տայիք,–հայտարարել է նա։

Ի պատասխան՝ նիստը վարող Էդուարդ Շարմազանովը պնդել է, որ ոչ մի խախտում էլ չկա, քանի որ Գալուստ Սահակյանը ձայնի իրավունք էր խնդրել մինչ 20 րոպե ընդմիջումը։ Իսկ թե ինչո՞ւ է մյուս պատգամավորներին ձայնի իրավունք տվել, Շարմազանովն այդպես էլ ոչ մի բացատրություն չի ներկայացրել։

Ի վերջո, «քառյակի» նախագիծը մերժվել է 51 կողմ, 62 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Բացի ՀՀԿ–ից` մյուս բոլոր խմբակցությունները քվեարկել են կողմ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը