Լրահոս

30.04.2014 17:03


Մերի Մովսիսյան. «Ի՞նչ է սպասվում նորանշանակ վարչապետին»

Մերի Մովսիսյան. «Ի՞նչ է սպասվում նորանշանակ վարչապետին»

Տարիների բաղձալի երազանքը վերջապես իրականություն դարձավ, սակայն դրա իրականացումը մի շարք հարցեր առաջ քաշեց։ Ինչի՞ն պետք է ծառայի բաղձալի երազանքը, ո՞րն է դրա նշանակությունը, բերե՞ց արդյոք դա երջանկություն... Առավել հավանական է, որ նորանշանակ վարչապետի ուրախության էյֆորիայից ու իրականության հետ բախվելուց հետո առաջացել են ոչ միայն այս, այլև մի շարք այլ հարցեր։ Ի՞նչ ունի հիմա իրականում Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանալուց հետո։ Այս հարցին էլ նրա փոխարեն կփորձենք պատասխանել։ Նորանշանակ վարչապետին բավական էր մի քանի օրվա մամուլի քաղվածքը, որպեսզի նա հասկանար` որն է լինելու նրա դերն, ու բնական է` ինչպիսին կլիներ նրա ավարտն այդ պաշտոնում: Ներկա դրությամբ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես վարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Լուրեր են պտտվում, որ գործադիր մարմնում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու։ Այդ փոփոխությունը վերաբերում է գործադիրի կարևոր գործառնական բաղադրիչին։ Վարչապետը նախ և առաջ կառավարիչ է, որն ունի իր գործառույթները, և դադարում է ֆորմալ առումով այդպիսին լինել, եթե իրեն, որպես կառավարության ղեկավարի, զրկում են համապատասխան գործառույթներից։ Եթե գործադիրում տեղի ունենան կառուցվածքային փոփոխություններ, ապա Հովիկ Աբրահամյանը մեծ հաշվով կվերածվի հասարակության հետ կապերը «տաք պահող» մեկի։ Հասկանալի է, որ ներկա պահին նրա համար ընկալելի չեն հնարավոր կառուցվածքային փոփոխությունների հետևանքները, սակայն ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե աչքի տակով անցկացնի ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածը, մասնավորապես 4-րդ կետը։ Ամեն ինչ հասկանալու և ըմբռնելու դեպքում նորանշանակ վարչապետը պետք է՝

ա) հրապարակային հայտարարությամբ հանդես գա Տիգրան Սարգսյանի թողած «ժառանգության» վերաբերյալ,

բ) վերջ տա ծառայություններ մատուցել Բաղրամյան 26-ին,

գ) մտածի, որ վարչապետի պաշտոնին մնալու ձևական բնույթը ո՛չ իր շահերից է բխում, ոչ էլ վարչապետի ձևական պաշտոն ունենալու համար արժե վտանգել անձի ազատությունը և հանցակից ու պատասխանատու դառնալ մի բանի, որին, մեծ հաշվով, կապ չունես։

Հ. Գ. 2011 թվականին մեկ անգամ Հովիկ Աբրահամյանը պատմական դեմք դառնալու հնարավորություն է ունեցել, որից այդպես էլ չօգտվեց։ Կյանքը երկրորդ անգամ է ընձեռել նրան այդ հնարավորությունը։ Ձեռքից ամբողջական բաց թողնելու դեպքում քաղաքական գործընթացների տրամաբանությունը «կպատժի» ողջ խստությամբ։ Տիգրան Սարգսյանի կողքին հաստատ թափուր տեղ կգտնվի, իսկ հաշվի առնելով երկրի առաջին դեմքի` ինքնուրույնությունից զուրկ անձանց վարի տալու տաղանդը` կասկած դրանում լինել չի կարող։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը