Կարծիք

01.05.2014 10:11


«Սերժ Սարգսյանի հրաժարական կամ կառավարության ծրագրի ընդունման վիժեցում»

«Սերժ Սարգսյանի հրաժարական կամ կառավարության ծրագրի ընդունման վիժեցում»

1. Երեկ Ազգային ժողովի նախագահի ընտրությանը մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ պատգամավորներ պնդում են, որ քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին։ Լա՛վ, համարենք` իբր այդպես է եղել: Իսկ այստեղ շատ մեծ հարց է առաջանում` եթե ԲՀԿ-ի այդ որոշ պատգամավորները քվեարկել են Հրանտ Բագրատյանի օգտին, ապա այսօր Ազգային ժողովում թող ԲՀԿ-ն բոյկոտեր քվեարկության արդյունքները, թող վերահաշվարկ պահանջեր, կամ էլ բացեիբաց վեր կենար և հայտարարեր, որ մենք՝ ԲՀԿ-ականներս, այսքան մարդկանցով ընտրել ենք Հրանտ Բագրատյանին, և իրականությանը չհամապատասխանող, սխալ արդյունքներ են հրապարակում: Չեմ կարծում, որ նման կերպով արդարանալը կարող է հույս ներշնչել, որ մենք՝ այսքան ԲՀԿ-ականներով, ընտրել ենք Հրանտ Բագրատյանին։ Կամ էլ ի՞նչ կարիք կար մասնակցելու Ազգային ժողովի նախագահի ընտրությանը:

2. Շուրջօրյա հանրահավաքների ճնշման ներքո` Սերժ Սարգսյանը զոհեց Տիգրան Սարգսյանին մի պարզ պատճառով` որպեսզի Ազատության հրապարակում կառավարության հրաժարականի պահանջին չհաջորդեր Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Եթե «հրաշալի քառյա՛կը» իր այդ շուրջօրյա հանրահավաքների ճնշումների ներքո զոհել տվեց Տիգրան Սարգսյանին, ապա այսօր միա՛յն ԲՀԿ-ի որոշման մեջ ինչ–որ բան է փոխվել: Եթե Տիգրան Սարգսյանին զոհել տվեցին, ապա նույնն էլ կարող են անել նոր վարչապետի պարագայում, թե՞ ԲՀԿ-ն նոր վարչապետի հետ կապված` մեծ հույսեր է փայփայում, թե՞ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից լավն է։ Միանշանակ, ո՛չ. նրանք նույն ՀՀԿ-ականներն են և նույն մտածելակերպը ունեն՝ ամեն կերպ ապահովել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկարաձգումը:

3. Կամ էլ անմիջապես Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնելն այդքան շատ մտածելու տեղիք է տալիս ԲՀԿ-ին, թե՞ ԲՀԿ-ն իրեն մյուս ոչիշխանական ուժերից ավել է գերադասում: ԲՀԿ-ն մյուս ոչիշխանական ուժերի հետ միասին պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կամ էլ ընտրելով միջանկյալ և իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ` խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը