Լրահոս

05.05.2014 13:50


Մերի Մովսիսյան. «Ինչ է սպասվում երկրին 20-օրյա ժամկետի ավարտին»

Մերի Մովսիսյան. «Ինչ է սպասվում երկրին 20-օրյա ժամկետի ավարտին»

Նոր կառավարությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ձևավորված է։

Ըստ երկրի Գերագույն օրենքի՝ կառավարության ձևավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, կառավարությունն Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում ծրագիրը, որն ԱԺ–ն պետք է վավերացնի հնգօրյա ժամկետում։ Երկրի նախագահն իրավունք ունի արձակել ԱԺ–ն, եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին։ Բնականաբար, իշխանությունն ամեն ինչ անելու է սեփական ծրագիրն անցկացնելու համար, որը լինելու է ոչ այլ ինչ, քան առկա քաղաքականության շարունակություն։ Իշխանությունը շատ լավ հասկանում է նաև, որ ընդդիմության առաջարկած ծրագիրն ուղղված է լինելու երկրում սոցիալ–տնտեսական լարված իրավիճակի թուլացմանը, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավմանը, որն էլ ոչ այլ ինչ է, քան մասնավոր սեփականության իրավունքի երաշխավորման գործիքակազմ։ Նման ծրագրի ընդունումն իշխանության կողմից փաստացի կդառնա իշխանության հանձնում, իսկ քանի որ Հայաստանում գործում է «պետությունը ես եմ» սկզբունքը, ապա իշխանակիրը կվերածվի անգլիական թագուհու։

Վերը նշվածի հիման վրա փորձենք քաղաքական գործընթացների զարգացման հնարավոր սցենարներ դիտարկել, քանզի երկրում զարգացման հստակ ռազմավարական ուղու բացակայության պայմաններում և մեկ անձի տրամաբանությամբ որոշումների ընդունման դեպքում հստակ կանխորոշում տալ քիչ հավանական է։

Սցենար-1

Իշխանության համար ցանկալի, գործնականում՝ վտանգավոր. ԱԺ–ի հավանությանն է ներկայացվում մի ծրագիր, որը, մեծ հաշվով, ոչ մի փոփոխություն չի ենթադրում (ասենք՝ պարտադիրի չեղարկումը կամ արագաչափերի տուգանքների վերանայումը, ու այդ գումարների ուղղումը Երանի քաղաքապետարանի բյուջե, որի շնորհիվ էլ բարելավվելու է քաղաքային տրանսպորտի սպասարկման որակը և այլն)։ ԱԺ–ն մի կերպ, ձայների մեծամասնությամբ, վավերացնում է այն, որից հետո շուրջօրյա հանրահավաքները մտնում են իրենց ակտիվ ու գործնական փուլ։ Ու սա այն դեպքը կլինի, որ տուն գնացող դժվար թե գտնվի։

Սցենար–2

ԱԺ–ի հաստատմանն է ներկայացվում ծրագիր, որը երկու անգամ անընդմեջ չի ընդունվում, և երկրի առաջին դեմքը հայտարարում է ԱԺ–ն արձակելու մասին, ու ազգովի ամռան վերջ՝ աշնան սկիզբ, գնում ենք խորհրդարանական ընտրությունների (այս սցենարի դեպքում զարգացումների վերլուծությունը թողնում ենք հետագային)։

Սցենար–3

ԱԺ–ի հաստատմանն է ներկայացվում ընդդիմության ծրագիրը, որը հաստատվում է ամբողջությամբ կատարվելու միտումով։ Այս տարբերակն անցնցում իշխանափոխության տարբերակ է, որը, կարելի է ասել, լավագույնն է իշխանության համար, ու բխում է երկրի շահերից։

Կարճ ժամանակով իշխանությունը կորցնելու վտանգն անցավ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելով, սակայն կիսամիջոցները, կիսափոփոխությունները, կիսաքայլերը քիչ գործնական են երկրի զարգացման համար, ու վնասակար՝ դրանք իրականացնողների համար։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը