Կարծիք

06.05.2014 02:35


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

ԱՐԳԱՄԻՉԻՆ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԹԻՐԱԽ ՈՒ ԾԱՂՐԻ ԱՌԱՐԿԱ

Երբ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը Ս.Սարգսյանն առաջարկեց վարչապետի պաշտոնում, այդ պահից Բաղրամյան 26-ի լրատվամիջոցներն ու համացանցային ակտիվիստները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Արգամիչի դեմ, որ հանկարծ մտքով չանցնի, թե ինքը Տիգրան Սարգսյանից ավելի ուժեղ գործիչ է: Նրան պարտադրվեց շարունակել նախորդի կիսատ գործը, աշխատել այն կադրերով, որոնց կտրամադրի Ազատիչը: Իսկ եթե բովանդակային առումով Արգամիչի գործունեությունը ոչնչով չի տարբերվելու նախորդինից, ու դա արտահայտվելու է ընդամենը ձևի մեջ, ապա նա շատ ավելի շուտ կդառնա ծաղրի առարկա, քան իր նախորդը: Մի պարզ պատճառով, որ Տ.Սարգսյանը ոտքից գլուխ ձև է՝ զրոյական բովանդակությամբ, ուստի նորանշանակ վարչապետն այս մրցակցության մեջ ջաղջախիչ պարտություն կկրի, որքան էլ որ փորձի շոուներ բեմադրել:
Մասնավորապես, ժամանակին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին Տ.Սարգսյանը պատասխանեց իրեն հատուկ ցինիզմով՝ «հնարավոր է, ... ոչ»: Իսկ Հովիկ Աբրահամյանն այս օրերին փորձեց առիթն օգտագործել ու պատգամավորի հարցին այլ կերպ պատասխանելով շահեկանորեն տարբերվել իր նախորդից: Բայց ի՞նչ արեց: Մեկ այլ ԲՀԿ–ական Վահան Բաբայանի տված ուղիղ հարցին, թե հիմա կասեցվե՞լ է արդյոք «պարտադիր կուտակայինը», Արգամիչի պատասխանը լղոզված էր, իսկ պահվածքը տարօրինակ՝ հերթական անգամ հայտարարելով, որ «պարտադիրը» դե-ֆակտո կասեցվել է: Բայց, եթե սահմանադրական դատարանի որոշմամբ արդեն կասեցված է, ապա էլ ի՞նչ դե-ֆակտոյից է խոսում վարչապետը: Իսկ եթե օրենքը գործում է, ապա ինչպե՞ս է Արգամիչը, թեկուզ կառավարության որոշմամբ, կասեցնում ՍԴ-ի ուժի մեջ մտած որոշումը, երբ դեռ նոր օրենք չի ընդունվել, կամ չեն փոփոխվել վիճահարույց օրենքի համապատասխան դրույթները: Տարբերվել չի նշանակում՝ բոլոր ժամանակների ամենթույլ վարչապետից ավելի անվճառական լինել:
Ու, երբ Բաղրամյան 26-ին շատ մոտ կանգնած «Արմենիա» հ/ը երեկվա հաղորդման ժամանակ Աբրահամյանի անունը գրել էին «Հավիկ», շատերը համոզված էին, որ դա պատահականություն չէր: Բայց, երբ հանեցին գործից երկու անփույթ աշխատակցի, դրանից շահե՞ց Արգամիչը: Իհարկե, ո՛չ: Եթե ոչ-ոք չպատժվեր, կմտածեին, որ դե Արգամիչին այն օրն են գցել, որ դա էլ է իրեն շատ: Իսկ եթե պատժվեցին, ապա ողջ համացանցը ողողված է այդ թեմայով, ու հիմա Աբրահամյանին ավելի մեծ հարված հասցվեց, քան եթե սուսուփուս անցկացվեր (ի դեպ, Աբրահամյանը ցանկություն է հայտնել, որ որևէ մեկն իր պատճառով չպատժվի):
Երբ Սերժ Սարգսյանն իրոք գիտակցում է, որ ցուգցվանգի մեջ է, նա իր ողջ շրջապատին է գցում ցուգցվանգի մեջ, որպեսզի միահամուռ ուժերով փորձեն այս վիճակից դուրս գալ ու ձեռի հետ էլ՝ դուրս բերել նաև իրենց ղեկավարին:
Հիմա ոչ միայն Հովիկ Արգամիչը, այլև բոլորը հասկացան, թե նրա մասին ինչ կարծիքի են Բաղրամյան 26-ում ու նրա «մատույցներում», իսկ աշխատակիցներին ազատեցին՝ իրենց ներսի գաղտնիքը ջրի երես հանելու համար:
Անկեղծորեն սկսում եմ արդեն կարեկցանքով վերաբերվել Արգամիչին: Ախր մինչև այս պահը, նրան ամեն ինչում կարելի էր մեղադրել, բայց հնարավոր չէր չընդունել, որ նա հարց լուծող անձնավորության համբավ ուներ: Իսկ հիմա դա էլ հօդս ցնդեց ընդամենը հաշված օրերի ընթացքում: Տեսնես Աբրահամյանը կհասցնի համապատասխան եզրակացություն անել, մինչ քավության նոխազ դառնալը:

https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը