Մեկնաբանություն

08.05.2014 10:31


Դե՛, ձեզ տեսնենք, «արևմտամետնե՛ր»

Դե՛, ձեզ տեսնենք, «արևմտամետնե՛ր»

Հայաստանում իրենց արևմտամետ ներկայացնող «դիշովկեքին» հունից հանել էր այն, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանն ինչ-որ մտքեր էր հայտնել ՀԿ–ների վերաբերյալ։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք այդ կարծիքն արժանի՞ էր այդքան ուշադրության, թե՞ ոչ, և արդյոք այդ հայտարարությունը հարվածո՞ւմ էր Հայաստանի ինքնիշխանությանը, թե՞ ոչ։

Անկեղծ ասած՝ ես միայն ֆեյսբուքյան արձագանքներով մոտավոր պատկերացում կազմեցի, թե ինչ է ասել Վոլինկինը, քանզի նրա ասածներին այդքան մեծ տեղ չէի տվել, որ ուղիղ խոսքը կարդայի։

Այս ամենը հիշեցի Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի երեկվա զեկույցի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնի մեկնաբանությունների համատեքստում։

Ուորլիքը ներկայացրել է ԱՄՆ պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ մենք պետք է հանձնենք ազատագրված տարածքները, ադրբեջանցիներին ընդունենք Շուշիում, նեղ կածանով կապենք Հայաստանն ու նախկին ԼՂԻՄ–ը և այս ամենի դիմաց ստանանք Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ կապված պլեբիսցիտային միջոցառման անորոշ խոստում։ Այլ կերպ ասած՝ ամերիկացիները Հայաստանին առաջարկում են կապիտուլյացիա՝ փաթեթավորելով իրենց առաջարկ–պահանջը զարգացման մասին գեղեցիկ նախադասություններով։ Ուորլիքի խոսքն, ի դեպ, չի տարբերվում պաշտոնական Անկարայի տեսակետից։

Ինչ վերաբերում է «կուտակայինի» ակտիվ քարոզիչ, Որոտանի կասկադի կոռուպցիոն գործարքի ակտիվ ջատագով և ընտրակեղծիքային հարցերով ՀՀԿ–ի ու դրա ղեկավարի համար «տանիքի» դեր կատարող դեսպան Հեֆերնին, ապա նա իր «թվիթերյան» էջում երկրորդել է Ուորլիքին՝ համոզմունք հայտնելով, որ հարակից շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

Ամերիկացիների այսօրինակ ագրեսիվությունը սպասելի էր, քանզի Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական թափառաշրջիկությունը չէր կարող անհետևանք մնալ։ Չէր կարող անհետևանք մնալ նաև տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը։

Դե, իսկ ԵՄ–ի հետ ասոցացման խաղերի և ՄՄ մտնելու որոշման արդյունքում Հայաստանը կորցրեց իր վստահությունն ու վարկանիշը թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում։

Ամերիկացիների այս ուլտիմատումը Հայաստանի թուլացման հետևանք է, ուրիշ ոչինչ։ Սարգսյանի «նախաձեռնողականությունից» այլ բան չէր հետևելու։

Թե ինչ պետք է անել քաղաքական առումով, պարզ է։ Պետք է ոչ թե կռիվ տալ ամերիկացիների դեմ, այլ Հայաստանի ներսում իրավիճակ փոխել ու գնալ արտաքին քաղաքական ձախողումների շտկման ճանապարհով։

Ինչ մնում է տնաբույծ «դիշովկեքին», ապա հետաքրքիր է՝ ՌԴ դեսպանի՝ ՀԿ–ների վերաբերյալ հայտնած մտքերից հետո բոցաշունչ ելույթներ ունեցող և «ֆեյսբուքներում» հայրենասիրության ու ինքնիշխանության մասին ճամարտակող «թունդ արևմտամետները» Հեֆերնի դեմ ակցիաներ անելո՞ւ են, թե՞ ոչ։ Առաջարկելո՞ւ են նրան իրերը հավաքել ու լքել Հայաստանը։

Եթե Վոլինկինն առաջարկում է որոշ ՀԿ–ների դեմ պայքարել, ապա Հեֆերնն առաջարկում է հողերը հանձնել Ադրբեջանին։ Երկուսն էլ սխալ բաներ են խոսում, բայց անհամեմատելի են սխալի դոզաները։ Հետևաբար, ՀՀ–ում ՌԴ դեսպանի դեմ խոսացողները պետք է առվազն քարերով «լարեն» Հեֆերնին։ Դե՛, ձեզ տեսնենք, «արևմտամետնե՛ր»։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը