Լրահոս

08.05.2014 10:34


Դատապարտելի են իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները

Դատապարտելի են իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները

Ցավով տեղեկացանք, որ մայիսի հինգին Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո Գավառ քաղաքում նրան աջակցելու համար այնտեղ գտնվող իրավապաշտպանների հասցեին որոշ քաղաքացիների կողմից բռնության ենթարկվելու սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունների գործունեությունը որակվել է որպես «հայ ընտանիքները քանդող», իսկ կազմակերպությունների ներկայացուցիչներին ատելության կոչերով հորդորել են հեռանալ:

Կրկին ականատես ենք դարձել իրավապաշտպանների նկատմամբ կատարվող ոտնձգություններին, ինչն էլ հանդիսանում է նման արարքների համար անպատժելիության առկայության, իրավական թերի կարգավորման և իրավասու մարմինների կողմից ոչ լիարժեք արձագանքի արդյունք: Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:

Առհասարակ դատապարտելի է նման վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ առավել անհանդուրժելի, երբ դրանք ուղղված են այն անձանց, ովքեր պայքարում են այլոց իրավունքների պաշտպանության համար:

Հուսով ենք այս միջադեպը պատշաճ արձագանքի և որակման կարժանանա իրավապահ մարմինների կողմից և միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կանխման համար:

Օմբուդսմենի խորհրդական

Աննա Սաֆարյան

Այս խորագրի վերջին նյութերը