Կարծիք

08.05.2014 13:24


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ԵՐԲ ՀՀ-Ն ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՀԵՍՏԱՊԵՏԸ

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հնչեցրեց ԱՄՆ կառավարության պաշտոնական տեսակետը Ղարաբաղի հարցում, ինչն, իմ կարծիքով, պետք է մեզ խիստ մտահոգի: Իհարկե, «պալատական սազանդարները» կփորձեն համոզել, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ ոչ հայանպաստ այդ ձևակերպումները նորություն չեն: Բայց չպետք է մոռանալ, որ նորությունը հենց աշխարհաքաղաքական այս նոր իրավիճակում ԱՄՆ-ի կողմից դիրքորոշումը պնդելն է, որը հնչում է համարյա որպես ուլտիմատում:

Փաստն այն է, որ ղարաբաղյան պատերազմի փառահեղ հաղթանակի 20-ամյակի նախաշեմին, Սերժ Սարգսյանի ձախողված արտաքին քաղաքականության պատճառով, մեզ զիջումներ են պարտադրվում:

Կարծում էիք՝ արևմտյան ապտակի տեսքով պատասխանը պետք է ուշանա՞ր, երբ մեր իշխանությունները շուրջ 4 տարի ԵՄ-ի հետ խաղեր էին խաղում, հավատարմության երդումներ շռայլում, սակայն հաշված ժամերի ընթացքում այդ բոլորը հօդս ցնդեց, ու Ս.Սարգսյանն արդեն մեկ այլ ուժի կենտրոնում՝ Մոսկվայում, այլ հավատարմության երդում էր տալիս:

Արևմուտքը փորձում է ուկրաինական դեպքերի առիթով ՌԴ-ին որպես ագրեսոր ներկայացնել, բայց թե այս կոնֆլիկտի մեջ ով է ագրեսոր, իսկ ով՝ խաղաղասեր, այլ խոսակցության թեմա է: Երկու կողմերն էլ ունեն փոխադարձ մեղադրանքների հարուստ թղթապանակներ, և հիմա իրենց հարաբերություններն են պարզում: Իսկ մեզ անհանգստացնողն առաջին հերթին այն է, որ աշխարհի հզորները մեզ ոտնատակ են տալու, քանի որ կորցրել ենք ճկունությունը՝ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելու ունակությունը:

Լավ, ինչպե՞ս բացատրենք մեր իշխանավորներին, որ այլևս չենք կարող օգտվել գերտերությունների ու աշխարհի ուժի կենտրոնների հակասություններից, քանի որ Ս.Սարգսյանն առաջնորդվում է բացառապես անձնական շահով, որն էլ մշտապես խոր հակասության մեջ է Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերի հետ:
Արևմուտքը ցանկանում է նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, և այդ առիթով հիշել է Ադրբեջանին, իսկ վերջինիս «մեծ եղբայր» Թուրքիային, որն այժմ լիովին մտել է ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակցի կերպարի մեջ, Ս.Սարգսյանը խաղի մեջ մտցրեց իր ապաշնորհ նախաձեռնողականության արդյունքում՝ «ֆուտբոլային» դիվանագիտության տեսքով:

Արևմուտքի հետ տարիներ շարունակ խաղեր տալուց հետո ՄՄ մտնելը բացատրվեց Ղարաբաղի անվտանգությամբ։ Հիմա հարց է առաջանում՝ արդյոք անվտա՞նգ դարձավ Ղարաբաղը փոխլրացնող քաղաքականությունից «նախաձեռնողականին» անցնելու արդյունքում։

Սենեկան ասել է. «Ոչ մի քամի չի կարող համընթաց լինել, եթե չգիտես, թե ուր ես լողում»։

Մեր դեպքում բոլոր քամիներն էլ առիթից առիթ խփում են մեր ճակատին, քանի որ ՀՀ-ն Ս.Սարգսյանն է ներկայացնում, որը ոչ մի տեղ էլ չի գնում, ուղղակի, աթոռը գրկած, տեղից տեղ է տեղափոխվում:

Լավ, էլ ի՞նչ կատարվի, որ խելքի գանք ու փողոց դուրս գանք՝ պայքարի: Սպասում ենք՝ Ղարաբաղը «Գյուլիսանով» ՌԴ-ին անցնի՞, թե՞ «Կավբյուրոյի» որոշումով՝ Ադրբեջանին, իսկ գուցե «նախագյուլիստանյան» Պարսկաստանի՞ն, ով արդեն ԱՄՆ-ի հետ նոր որակի խաղ է սկսել մեր տարածաշրջանում:

https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը