Լրահոս

08.05.2014 16:23


Մանվել Եղիազարյան. «Կլինի ուժեղ Հայաստան, Արցախի պահով ոչ մեկ այդպես չի խոսի»

Մանվել Եղիազարյան. «Կլինի ուժեղ Հայաստան, Արցախի պահով ոչ մեկ այդպես չի խոսի»
Այսօրվա ասուլիսին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, խոսելով արցախյան պատերազմի ու Շուշիի ազատագրման մասին, նշել է. «Շուշին մեծ ռազմավարական գործունեություն չէր, պարզ ասեմ, բայց բարոյահոգեբանական կողմից Շուշին նոր լիցք, նոր թափ մեզ տվեց, նոր վստահություն մեր ուժերին, որ մենք, այո, պարտադիր հաղթելու ենք։ Եվ մենք անցանք հաղթանակի»։

Հրամանատարը նշել է, որ հատկապես 1992 թվականին իրենք եղբայրական բանակ են կազմել. «Դա հայ ժողովրդի ամենաուժեղ բանակների շարքը կարող էինք դասել։ 1992 թվականին մենք հազարապատիկ ավելի ուժեղ բանակ ունեինք, քանի որ մեկս մյուսի համար պատրաստ էր զոհվել։ Եթե մենք պատերազմի ժամանակ մտածում էինք, որ ամենակարևորը զոհվելն է հայրենիքի համար, այսօր պետք է հասկանանք, որ ամենակարևորը ապրելն է հայրենիքի համար, որ մենք կարողանանք հայրենիքը կարգի բերել։ Հայրենիքին նոր թափ է պետք»։

Ըստ բանախոսի՝ մենք այն ժողովուրդը պետք է լինենք, որ ամեն պահ պատրաստ լինի զինվոր լինել՝ և՛ կանայք, և՛ ծերերը՝ մինչև 60 տարեկան։ Ինչ վերաբերում է հարցին, թե պետությունը որքանով է ուշադիր ազատամարտիկների նկատմամբ, հրամանատարը պատասխանել է. «...եթե պետությունը ժողովրդին չի գնահատում, նրա՝ ինձ գնահատելը երբեք պետք չի։ Ինձ պետք է, որ ժողովրդին գնահատի պետությունը, ինձ պետք է, որ ժողովուրդը լավ զգա։ Եթե ժողովուրդն իրեն մեկ անգամ լավ զգա, ես հինգ անգամ ինձ լավ կզգամ... Առաջին հերթին այս պետությունից պահանջվում է հայրենիքը կարգի բերել, ժողովրդի ոգին բարձրացնել, ժողովրդին ուշքի բերել, որ նա հանկարծ չմտածի՝ վատ ենք ապրում, մեր Հայաստանը լավը չի, մեր հայրենիքը լավը չի...փախնենք գնանք այստեղից»։
Այդ հայրենիքը, Եղիազարյանի խոսքերով, այսօր ծանր հիվանդ է. «Մենք պարտավոր ենք կանգնել կողք կողքի, լրատվություն կլինի, բանակ կլինի, զինվոր կլինի, ոստիկան կլինի, ազատամարտիկ կլինի, ու երկիրն այս վիճակից պետք է հանվի»։
Ինչ վերաբերում է Արցախի խնդրով բանակցային գործընթացին, հրամանատարը նշել է, որ համանախագահի առաջ քաշած թեզերը Արցախի մասով ոչ մի լավ բան չեն ասում, հետևաբար, մենք լավ բանակցություններ չենք վարում. լավ բանակցություններ վարելու համար պետք է լինես ուժեղ։
«Ուժեղն է թելադրողը, մենք ուժեղ չենք, մենք թույլ ենք, մեզ ինչ ասում են, ընդունում ենք։ Կգա ժամանակ, կլինի ուժեղ Հայաստան, և Արցախի պահով ոչ մեկ այդպես չի խոսի»,–եզրափակել է Եղիազարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը