Կարծիք

12.05.2014 23:08


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՇԱՁՈՂՆ ԻՋԵՑՎԵԼ Է ՄՏԱՀՈԳԻՉ ՄԱԿԱՐԴԱԿԻ

Այսօր՝ Ղարաբաղյան պատերազմում զինադադարի ամրագրման 20-ամյակի օրը, ցավով արձանագրում ենք, որ տոնական տրամադրություն չունենք, որ չենք կարողանում այս տարիների ձեռքբերումներից խոսել, այլ՝ նշում ենք այն մտահոգությունների մասին, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որ ավելացել են ճնշումները մեր երկրի հանդեպ, որ գործող նախագահն այլևս ուժ չունի դիմակայելու դրանց, որ սեփական շահից ելնելով նա անգամ պատրաստ է զիջումների, միայն թե դա օգնի մի քիչ էլ մնալ աթոռին:

Ղարաբաղյան հակամարտության թեմային ժամանակին շատ եմ անդրադարձել, բայց ուզում եմ առանձնահատուկ հիշեցնել հենց այս հարցազրույցիս մասին, որը տպագրվել է իշխանամետ թերթի համարում ունեցող «Հայոց աշխարհ»-ում՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք, ինչը ցույց է տալիս, որ մտահոգություններս իշխանություն-ընդդիմություն հակամարտության դիտանկյունից ներկայացնելը պարզապես լուրջ չէ, քանզի Արցախի հարցը համապետական ու համահայկական խնդիր է:

Թեմայի վերաբերյալ կարծիքս էլ, բնականաբար, չի փոխվել։

….

ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «Հայոց Աշխարհ», 18.12.2008, «ՍԱՀՄԱՆԱԾ ՆՇԱՁՈՂԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԻՋԵՑՆԵԼ»

«Արցախի հիմնախնդիրը շուտափույթ լուծելու ռեսուրս չկա, սակայն չկա նաեւ լուծումն արհեստականորեն ձգձգելու ռեսուրս: Միանշանակ կողմ եմ, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պայմանավորվի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությամբ ու վիճակով: Միայն հզոր ժողովրդավարություն ունեցող երկիրը կարող է դիմագրավել աշխարհի մարտահրավերները եւ արտաքին ուժերի ճնշումները:

Արցախի հիմնախնդիրն ամփոփում է ազգային ու պետական այնպիսի շահեր, որոնք վեր են ամեն ինչից: Հենց դա է պատճառը, որ համայն հայության համար կարեւորագույն այս խնդիրը լուծելու նշաձողը ոչ ոք թույլ չի տվել ու թույլ չի տալու իջեցնել զիջումների մակարդակի: Հայ ազգի ու պետականության համար Արցախի ճակատագիրն ու ապագան միանգամայն առանձնակի նշանակություն ու որակ ունի: Խնդիրն անգամ Ղարաբաղի աշխարհագրական տարածքը չէ: Արցախը ազգի արժանապատվությունն ու հպարտությունն է:

Արցախի ազատագրմանը, հետո նաեւ պաշտպանությանը, ծայր առած բանակցություններին անմիջականորեն մասնակցած անձինք բոլորովին այլ հարթության վրա են դիտում Արցախի ապագան: Այս մարդիկ հաշվի չառնելով տարաձայնությունները, անտարակույս վաղը կաջակցեն զիջումների տարբերակը մերժող իշխանությանը եւ հաշվի չառնելով մտերմիկ հարաբերությունները, կընդդիմանան այն իշխանությանը, որը կփորձի բանակցային նշաձողն իջեցնել զիջումների մակարդակի:

Երկրորդ նախագահը բանակցային հստակ նշաձող ամրագրել էր եւ տրամաբանական է, որ նշաձողն իջեցնելու դեպքում երրորդ նախագահը ոչ միայն չի կարող ակնկալել երկրորդ նախագահի աջակցությունը, այլեւ լուրջ հակազդեցություն կստանա: Ժամանակն է, որ Արցախի ճակատագրում լուրջ մասնակցություն ունեցած գործիչները ակտիվանան: Եթե նրանք հապաղեն անգամ, իսկ արցախցին դժգոհ լինի բանակցությունների ընթացքից, ապա Արցախից ժողովուրդը կգա Երեւան ու կթակի նրանց դռները, կստիպի տեր կանգնել Արցախին: Մասնավորապես երկու անուն կարող եմ նշել. Ռոբերտ Քոչարյան եւ Սամվել Բաբայան:

Ռոբերտ Քոչարյանն Արցախի պաշտպանության խորհրդի ղեկավարն ու առաջին նախագահն էր: Իսկ Սամվել Բաբայանը Արցախի բանակի հրամանատարն էր, ուրեմն ռազմական իրավիճակում գլխավոր դերակատարն ու պատասխանատուն: Հավատացած եմ, որ այս երկու գործիչների դիրքորոշումներից շատ բան է կախված:

Իշխանության մեջ նաեւ այսօր կան ուժեր, որոնք որեւէ պարագայում չեն թողնի, որ Ռոբերտ Քոչարյանի սահմանած նշաձողն իջնի:

Այո, քաղաքականությունը նախեւառաջ մրցակցություն է: Սակայն Արցախի խնդրի շուրջ մեր քաղաքական ուժերն իրավունք չունեն մրցակցել: Որեւէ քաղաքական ուժի նշանակությունն ու դերակատարումն այս առումով չի կարելի արժեզրկել առավել եւս` արտաքին ճնշումների իրավիճակում: Իշխանությունն այսօր ուժեղ լինելու խնդիր ունի, եւ ոչ մի ուժ, արհեստականորեն չպետք է վանի իրենից»:

https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը