Լրահոս

15.05.2014 12:44


Ուղերձ՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Ուղերձ՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Քսան տարի առաջ Կահիրեում կայացած Բնակչության և զարգացման միջազգային համաժողովում միջազգային հանրությունը ճանաչեց, որ ընտանիքները պետք է հզորացվեն և համապարփակ պաշտպանություն ու աջակցություն վայելեն: Ընթանում է 2015 թ․-ից անդին զարգացման ճանապարհային քարտեզի նախապատրաստությունը, և հատկապես տեղին է, որ Ընտանիքի միջազգային օրվա քսաներորդ տարեդարձի թեման «Ընտանիքները կարևոր դեր են խաղում զարգացման նպատակներին հասնելու համար»-ն է: Սա ընդգծում է այն իրողությունը, որ ընտանիքները կարող են առանցքային դեր խաղալ զարգացման համար՝ լավ պլանավորված, գենդերայնորեն զգայուն և մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների օգնությամբ:

Վերջին 20 տարիների ընթացքում ուշագրավ տեղաշարժեր ենք տեսել տնային տնտեսությունների կազմում․աշխարհում աճել է ինքնուրույն ապրող մարդկանց և տնային տնտեսություններ ղեկավարող կանանց թիվը: Ընտանիքի միջազգային քսաներորդ օրը հիանալի հնարավորություն է այդ փոփոխությունները ճանաչելու համար, ինչպես և կոչ անելու, որպեսզի հրապարակ հանվեն այնպիսի նոր մոտեցումներ ու քաղաքականություններ, որոնք դրական ազդեցություն կբերեն բոլոր ընտանիքներին և կօգնեն հաղթահարել աղքատությունը, զարգացնել գենդերային հավասարությունը, ապահովել աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը, և խթանել միջսերնդային համերաշխությունը:

Այսօր, երբ մենք գովեստի խոսք ենք ուղղում առ ընտանիքները և նրանց ունեցած բազմաթիվ ներդրումները հասարակության մեջ, կառավարություններին կոչ եմ անում ստեղծել միջավայրեր, որոնք աջակից կլինեն բոլոր ընտանիքներին՝ օգտագործելով քայլեր, որոնք, օրինակ, ծնողներին թույլ կտան ներդաշնակեցնել ընտանեկան և աշխատանքային պարտականությունները: Կոչ եմ անում նաև ստեղծել բնակարանային, կրթության և սոցիալական աջակցության քաղաքականություններ, որոնք հաշվի կնստեն տնային տնտեսությունների աճող տարատեսակության հետ: Նման միջոցները ներառում են առողջության ապահովագրությունը և սոցիալական ապահովությունը, ծնողական և ծննդաբերության վճարովի արձակուրդը, ճկուն աշխատանքային ժամանակացույցը և խնամքի ցերեկային կենտրոնները:

Ամենից առաջ մարդիկ, հատկապես կանայք և աղջիկները, պետք է կարողանան ազատ, ապահով և պատասխանատու կերպով ընտրել իրենց կյանքի ուղիները, երբ կրթությունից անցնում են աշխատանքի, ձևավորում են ընտանիք և տնային տնտեսություն: Երբ կանայք ու աղջիկները կիրթ և առողջ են, երբ նրանք կարողանում են սեփական ընտրությունը կատարել, երբ նրանք և նրանց կողակիցներն ունեն իրենց ընտանիքները պլանավորելու համար անհրաժեշտ տեղեկություններն ու միջոցները, ապա շահում են այդ ընտանիքները, նրանց համայնքներն ավելի են ուժեղանում, և մենք բոլորս ավելի ենք մոտենում մեր փնտրած կայուն ապագային:

***

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թ.-ը Հայաստանում հռչակել է Ընտանիքի տարի՝ մեկ անգամ ևս շեշտելով կառավարության հանձնառությունը ընտանիքների նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վստահ է, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար, և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:

ՄԱԿ/ՄԱԲՀ

Այս խորագրի վերջին նյութերը