Կարծիք

16.05.2014 11:56


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

ԲՅՈՒՋԵՆ ԹԱԼԱՆԵՆՔ «ՉԱՐ» ՈՒ «ՆԱԽԱՆՁ» ԱՉՔԻՑ ՀԵՌՈՒ

Երեկ ԱԺ-ում բուռն քննարկման տեղիք տվեց «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գաղտնի դարձնել նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ինչպես նաև արարողակարգերի համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

Ակնայտ է, որ սրա համար որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու մեր՝ հարկատուներիս հաշվին պետք է մեզանից գաղտնի ծախսեր արվեն: Հասարակությունն ուզում է իմանալ անգամ, թե այդ տրամաչափի պաշտոնյաներն իրենց բարոյական կերպարով համապատասխանո՞ւմ են արդյոք իրենց զբաղեցրած դիրքին: Նաև տեղեկացված լինել, թե իրենց անձնական միջոցներն ինչի՞ վրա են ծախսում, որպեսզի հասկանանք՝ կարելի՞ է արդյոք նրանց վստահել բոլորիս միջոցները՝ պետական բյուջեն: Էլ ուր մնաց, թե չիմանանք ու վերահսկելի չլինի մեր գրպանից վճարվող գումարների շարժը:

Այս հարցը պետք է համալիր ուսումնասիրության առարկա դառնա, թե ի՞նչ իրավունքով է կառավարությունը գաղտնի որոշումներ կայացնում ու իր քմահաճույքով այս կամ այն ծախսն անում, որի նպատակահարմարությունը, մեղմ ասած, խնդրահարույց է: Մինչդեռ, պետք է հստակ կանոնակարգվի, թե որ դեպքում կառավարությունն իրավունք ունի կայացնելու գաղտնի որոշում, և ինչ գումարների սահմաններում, ինչպես նաև՝ նպատակահարմարության հարցն ինչ կերպ պետք է հիմնավորվի:

Բերեմ կոնկրետ օրինակ: Ինչո՞ւ պետք է կառավարությունը գաղտնի որոշմամբ պետական բյուջեից տասնյակ հազարավոր դոլարներ վճարի Նադեժդա Սարգսյանին արտասահմանում բուժվելու համար: Ոչ ոք կասկածի տակ չի դնում անվանի երգչուհու արժանիքները, քավ լիցի: Բայց նա ժամանակին ԱԺ պատգամավոր էր, այժմ՝ երաժշտական քոլեջի տնօրեն, նրա ընտանիքին բավական մատչելի պայմաններով տրվել է որպես սեփականություն մայրաքաղաքի Նաիրի կինոթատրոնը, աղջիկը՝ Էմմին, հայտնի երգչուհի է: Այսինքն, մենք գործ ունենք ունևոր ընտանիքի հետ: Հիմա ինչպե՞ս դեղի փող չունեցող կամ սովից մահվան դուռը հասած մեր հայրենակիցներին բացատրենք, թե կառավարությունը, որը, դատելով միայն նրա անդամների ներկայացրած հայտարարագրերից, մեծահարուստների էլիտար ակումբ է հիշեցնում, որևէ մեկի արժանիքը իրենց հաշվին չեն գնահատում, այլ առատաձեռն են միայն մեր գրպանի հաշվին: Եվ լավ հասկանալով, որ այս հարցերի տակից դուրս գալ չեն կարողանալու, իրենց իրավունք են վերապահում կայացնել գաղտնի որոշում, այսպես ասած, աչքից հեռու, որ ո՛չ իմանանք, ո՛չ դժգոհենք, ոչ էլ «անդուր» հարցեր տանք: Ես այս մեկը նշեցի, իսկ քանի՜ նման որոշում է կայացվել, որոնց մասին ոչինչ էլ չգիտենք:

Ի՞նչ է ստացվում. Էմմիին կամ Նունե Եսայանին հրավիրում են իրենց միջոցառումներին երգելու, շաբաշն էլ պետբյուջեի հաշվի՞ն են տալիս: Լավ, բա ամոթ չի՞:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1419109398360843&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը