Լրահոս

21.05.2014 12:19


Վ. Էնֆիաջյան. «Զավեշտ, որը վտանգում է Ազգային ժողովի հեղինակությունը»

Վ. Էնֆիաջյան. «Զավեշտ, որը վտանգում է Ազգային ժողովի հեղինակությունը»

Զավեշտ, որը վտանգում է Ազգային ժողովի հեղինակությունը, և կարող է մեր գործընկերների համար ընկալվել որպես դիրքորոշում և արհամարհանք:
Դեռևս նախորդ տարվա աշնանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողվի նիստը, սակայն Հայաստանի Հանրապետությունից մասնակցություն չեղավ: Հայկական կողմը դա հիմնավորեց տարվա ավարտով և բյուջեում գումարի սակավությամբ, ինչին, բնականաբար, այն ժամանակ ըմբռնումով մոտեցա:
Մայիսի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական և ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստը:
Թերևս ավելորդ է ներկայացնել դրա կարևորությունն ու քննարկվող հարցերն ու սպասելի որոշումները, որոնք կայացվում են նման բարձր մակարդակի քննարկումներից հետո: Վերոնշյալ պատվիրակության կազմում ենք ես և գործընկերներս՝ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Այվազյանը, սակայն երեկ՝ թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ, տեղեկացրեցին, որ Ազգային ժողովն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել, և աշխատանքային գործուղումը չի կարող կայանալ:
Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարևոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին՝ ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված և ոչ նպատակային ծախսերի: Մտահոգիչ է, որ նման գործելաոճով առաջնային վտանգի տակ են դրվում մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունն ու Ազգային ժողովի վարկանիշը մեր գործընկեր երկրների մոտ: Մեր մասնակցությունը կարևոր էր հատկապես այս ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ գործընթացներ են ընթանում, իսկ հանձնաժողովի նիստին նախատեսված էին ԱՊՀ գործընկեր երկրների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, և, ուշադրություն, Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ-դիտողություն, որը պետք է քննարկվեր Սանկտ Պետերբուրգում:

Հ.Գ. Բոլոր հետևությունները թողնում եմ Ձեր դատին

Այս խորագրի վերջին նյութերը