Կարծիք

23.05.2014 10:53


Էդվարդ Անտինյան. Սերժ Սարգսյանը սարսափում է անկանխատեսելի ընտրություններից

Էդվարդ Անտինյան. Սերժ Սարգսյանը սարսափում է անկանխատեսելի ընտրություններից

Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը հիմնականում ակտիվանում է համապետական ընտրությունների առիթով, այն էլ ավելի շատ նախագահականի դեպքում, երբ առարկայական տեսնում է, թե ում է ձայն տալիս և ինչ ակնկալիք ունի նրանից:

Այդ իսկ պատճառով քիչ չեն հնչում մեղադրանքներ, որ մեր իրավունքերի ոտնահարման ցանկացած դեպքի առիթով «կռիվ» չենք տալիս, իսկ իրավիճակի հետ չհաշտվելը մեծապես արտահայտվում է բացասական լիցքերը մեր մեջ կուտակելով, որն էլ առաջացնում է պոռթկում ամեն համապետական ընտրություններից առաջ: Վերջում էլ չենք հաշտվում արդյունքների հետ, ու տևական ժամանակ երկրում պահպանվում է հասարակական լարվածությունը: Ու, եթե վերջին շրջանում քաղաքացիական շարժումները նկատելիորեն ակտիվացրել են իրենց գործունեությունը, այդուհանդերձ, դա բավարար չէ երկրում իրավիճակ փոխելու համար, քանի որ փոփոխություն կարող են բերել միայն քաղաքական ուժերը: Չէ՞ որ, համաձայն օրենքի, վերջիններիս բացառիկ իրավասությունն է ընտրությունների միջոցով իշխանության գալու և արդյունքում կյանքի կոչելու իրենց ծրագրերը:
Հաշվի առնելով անցյալի փորձը՝ կարող ենք փաստել, որ որքան էլ հանրությունը բախվել է կեղծիքների հետ, միևնույն է չի կոտրվել ժողովրդի կամքն ու մեռել պայքարի ոգին: Մարդիկ չեն կորցնում իրենց հույսը, որ փոփոխություններ հնարավոր են։ Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև ոչիշխանական ուժերի համախմբման ներկայիս գործընթացը, ինչը դարձյալ հույս է արթնացրել, որ այս անգամ հնարավոր կլինի հասնել հաջողության:

Անվիճելի է, որ Սերժ Սարգսյանը սարսափում է ընտրություններից, նույնիսկ այն պարագայում, երբ ողջ իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Եվ պետք չէ խաբվել, որ գործող նախագահը երիտասարդանալու կուրս է ընդունել վերջերս, նա իր էությամբ հոգնած գործիչ է, և չի կարող մտնել նախընտրական պայքարի մեջ՝ նախապես չիմանալով, որ անպայման հաղթող է հռչակվելու, այլապես այդ անկանխատեսելիությունը կքայքայի նրան: Այդ իսկ պատճառով նա ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով կանխորոշել գալիք ընտրությունների արդյունքները, և այդ փաստը հասարակության «աչքը մտցնել»: Չէ՞ որ Ս.Սարգսյանը միայն մի դեպքում շանս կունենա վերարտադրվելու, եթե երկրում տիրի համընդհանուր հիասթափության մթնոլորտ: Եվ կարևոր չէ, թե դա ինչ կերպ կարտահայտվի՝ արտագաղթի նոր ալիքի՞, թե՞ ոչիշխանական ուժերի հանդեպ հիասթափության: Ինչ ուզում է լինի, միայն թե բոլորը համոզվեն, որ ոչինչ էլ չի փոխվելու, հաշտվեն այս վիճակի հետ ու մի կողմ քաշվեն կամ էլ արտագաղթեն:
Հիմա հարց է առաջանում՝ եթե վաղօրոք գիտենք, որ Սահմանադրության այս փոփոխության նպատակը իմիտացիոն ընտրությունների միջոցով իշխանությունների վերարտադրվելն է, ինչի՞ն ենք սպասում, որ Ս.Սարգսյանն իր պլաններն ի կատար ածի նո՞ր սկսենք բողոքել մեր վիճակից, ճակատագրից ու հայի բախտից:

Հարցը հստակ է՝ գործող նախագահին չպետք է թույլ տալ իրականացնել Սահմանադրության փոփոխություններ, իսկ եթե նա զոռբայությամբ փորձի իր նպատակին հասնել՝ միջոցների առաջ կանգ չառնելով, ուրեմն հենց այդ պահից պետք է հայտարարենք, որ պատրաստվում ենք քաղաքական ու քաղաքացիական լայն համախմբման միջոցով տապալել այս իշխանություններին՝ չսպասելով ոչ սահմանադրական հանրաքվեին, ոչ էլ առավելևս՝ փոփոխված Սահմանադրության արդյունքում կանխորոշված ընտրությունների արդյունքներին:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202240293431280

Այս խորագրի վերջին նյութերը